Մարտի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը։ Այսօր հայտնի է ՌԾՈւ հրամանատարի պաշտոնին հավակնողներից մեկի անունը։
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության վկայությամբ՝ առավել հավանական թեկնածուն Ադրբեջանի Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի ղեկավար, գեներալ-մայոր Միրզա Ալմասովն է։ Նա ՌԾՈւ համակարգում ամենաբարձր կոչում ունեցող զինվորականն է։
Նկատենք, որ Ալմասովի անունը շոշափվել է սույն ռազմական լիցեյում կարգուկանոնի բացակայության և կուրսանտների միջև հաճախակի վեճերի վերաբերյալ սկանդալներում, որոնցից թերևս ամենաաղկահարույցը 2013-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մինչ օրս անհայտ պայմաններում մահացած կուրսանտ Ռամիլ Ամիքիշևի միջադեպն էր։ Նախնական վարկածով՝ նա մահացել էր սրտի անբավարարությունից, սակայն պաշտոնական հետաքննությունը մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել։
«Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնն իր 2013-ի ամենամսյա զեկույցներում անդրադարձել է այս միջադեպին՝ կոչ անելով հանգամանալից հետաքննություն անցկացնել ու հրապարակել դրա տվյալները։