Ուկրաինայի ազգային գվարդիային 100 զրահափոխադրիչ կարող են տրամադրել

Ուկրաինական արտադրության սպառազինություն արտահանող Ուկրօբորոնպրոմ պետական կոնցերնը նախատեսում է շուրջ 100 միավոր զրահափոխադրիչներ տրամադրել Ուկրաինայի նոր ձևավորվող ազգային գվարդիային։ Այս մասին հայտնում է կոնցերնի կայքը։

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ազգային գվարդիայի տասնյակ զորամասերի համալրման համար Ուկրօբորոնպրոմն առաջիկայում կտրամադրի 74 պատրաստի զրահափոխադրիչներ, իսկ հետագայում դրանց քանակը կհասցնի 100-ի։ Զրահափոխադրիչներից 58-ը կտրամադրի պետական կոնցերնի մեջ մտնող Խարկովի մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոն։ Այս խմբաքանակի մեջ կլինեն 41 ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչներ, 7 հրամանատարական ԲՏՌ-4Կ մեքենաներ, 2 հրամանատարաշտաբային ԲՏՌ-4ԿՇ մեքենաներ ու 8 սանիտարական ԲՄՄ-4Ս մեքենաներ։ Այս մեքենաներից ամբողջովին պատրաստ են ընդամենը 41 միավորը, մյուսները դեռ պիտի համալրվեն սարքավորումներով։

Եվս 16 միավոր տարբեր տեսակի զրահափոխադրիչներ պատրաստվում են տրամադրել Ուկրօբորոնպրոմի կազմի մեջ մտնող մյուս ձեռնարկությունները։ Այսպես, Կիևի զրահատանկային գործարանը նախապես վերանորոգելուց հետո կարող է տրամադրել 5-ական ԲՏՌ-3Ե ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, Ժիտոմիրի զրահատանկային գործարանը կարող է տրամադրել 5 վերանորոգված ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, 1 միավոր ԲՏՌ-70ԴԻ զրահափոխադրիչ էլ կարող է տրամադրել Նիկոլաևի զրահատանկային գործարանը։

Հիշեցնենք, որ վերջերս ուկրաինական ազգային գվարդիան ստացել է 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ։ Նոր զրահափոխադրիչներն ունեն տարբեր լրակազմեր։ Զրահափոխադրիչների մեջ է նաև վերջերս ներկայացված նոր արդիականացումը։ ԲՏՌ-4 զրահափոխադրիչի վրա Ուկրաինայում ավելացրել են լրացուցիչ զրահաշերտեր, որոնք մեքենան պիտի պաշտպանեն կումուլյատիվ արկերից։ Մեքենայի առաջին տարբերակն արդեն անցել է փորձարկումներն ու ստացել է ԲՏՌ-4Ե1 անվանումը, սակայն այն փորձնական է ու դեռ չի ուղարկվել զորքեր։

ԲՏՌ-4 զրահափոխարդիչների մեջ կան նաև այնպիսիները, որոնք չունեն ամբողջական լրակազմ, օրինակ՝ պակասում են դիտման սարքավորումները։

Ազգային գվարդիային տրված զրահափոխադրիչների մեջ է նաև ԲՏՌ-4-ի կախովի զրահով նոր արդիականացումը, որը դեռ սպառազինության չի ընդունվել

Ազգային գվարդիային տրված զրահափոխադրիչների մեջ է նաև ԲՏՌ-4-ի կախովի զրահով նոր արդիականացումը, որը դեռ սպառազինության չի ընդունվել

Ազգային գվարդիային տրված 10 միավոր զրահափոխադրիչների մեջ է նաև ԲՏՌ-4-ի կախովի զրահով նոր արդիականացումը, որը դեռ սպառազինության չի ընդունվել (Առաջին շարքի կենտրոնի մեքենան է)

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։ Ներկայումս 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև  110 կմ/ժ արագություն։

One response to “Ուկրաինայի ազգային գվարդիային 100 զրահափոխադրիչ կարող են տրամադրել

  1. Pingback: 16 միավոր զրահատեխնիկա է տրամադրվել ուկրաինական զինված ուժերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *