Օհանյանն ընդունել է հասարակական խորհրդի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 11-ին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին, որի ժամանակ քննարկվել է զորակոչին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման և դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր և այլ խնդիրներ:

Օհանյանը նշել է ներկա փուլում պաշտպանական քաղաքականության և զինված ուժերի զարգացման առանցքային խնդիրները, ընդգծել է Հասարակական խորհրդի դերը հասարակական կարծիքի և խնդրահարույց հարցերի անաչառ ներկայացման, լուծումների առաջարկման, բանակի-հասարակության շփումների ու համագործակցության ընդլայնման, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման առումով:

Համակողմանի անդրադարձ է կատարվել զորակոչի գործընթացին: Խորհուրդն իր զորակցությունն է հայտնել գործընթացի որակական բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներին, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով իրականացվող գործուն և վճռական քայլերին, ընդգծվել են նախքան զորակոչը զորակոչիկների պատվաստումների և ծառայության բաշխումը վիճակահանությամբ կատարելու որոշումների կարևորությունը և այլն:

Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են ներկայացվել զինված ուժերում իրականացվող հոգեբանական աշխատանքների բարելավման, վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման և այլ հարցերի վերաբերյալ:

Ներկայացված առաջարկների ուղղությամբ Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *