Բուլավա միջմայրցամաքային հրթիռը դարձյալ փորձարկումներ կանցնի

2014 թվականի ամռան և աշնան ամիսներին Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը դարձյալ փորձարկումներ կիրականացնի «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերից։ Փորձարկումների վերականգնման հրամանը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Սպիտակ ծովում հրթիռն արձակման փորձարկումներ է անելու, երբ երկու սուզանավերն էլ ամբողջությամբ սուզված լինեն։
Հայտարարվել է նաև, որ սուզանավերը սպառազինված կլինեն 16 միավոր բալիստիկ հրթիռներով։

Բուլավա (ռուս.՝ Булава) հրթիռի փորձարկումների վերջին ձախողումն արձանագրվել է 2013-ի սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Նևսկի ատոմային սուզանավի վրայից արձակման ժամանակ։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է դադարեցնել փորձարկման բոլոր աշխատանքները՝ մինչ հրթիռներում առկա թերությունների հայտնաբերումը: Այժմ թվով հինգ հրթիռ վերադարձվել է գործարան՝ լրացուցիչ հեռահաղորդակցման համակարգով ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա հսկել հրթիռի թռիչքի ողջ ընթացքը:

Ինչ վերաբերում է հրթիռի սեպտեմբերյան անհաջող արձակման պատճառներին, ծովակալ Վիկտոր Չիրկովի գլխավորությամբ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է, որ դրա պատճառը եղել է գործարանային խոտանը:

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։

Նշենք, որ 2004-ից ի վեր Ռուսաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 46 Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Փորձարկումների փուլում արձակվել է դրանցից 19-ը, սակայն հրթիռի 7 արձակում անհաջողության է մատնվել:
Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։

«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *