Ռուսաստանին տրամադրվելիք Միստրալ տեսակի նավը շարունակում է ծովում փորձարկումները

Մարտի 26-28-ը Ֆրանսիայի Սեն-Նազեր նավահանգստից երկրորդ ընթացիկ փորձարկման էր դուրս եկել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիր նավ։ Ղրիմում իրադարձությունների համատեքստում խոսակցություններ կային, որ ֆրանսիական կողմը հրաժարվում էր փոխանցել այն Ռուսաստանին։

Վլադիվոստոկ ուղղաթիռակիր նավը

Վլադիվոստոկ ուղղաթիռակիր նավը

Ուղղաթիռակիրը ստացել է Վլադիվոստոկ անվանումը։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ նավը Ռուսաստանի ԶՈւ ռազմածովային ուժերին էր հանձնվելու ընթացիկ տարվա աշնանը։ Դրանից հետո ռուսաստանյան նավաշինական որևէ ընկերությունում այն պիտի համալրվեր սպառազինությամբ։ Սակայն երբ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտավ, խոսակցություններ տարածվեցին, որ Ֆրանսիան որպես ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոց չի փոխանցի ուղղաթիռակիր նավերը։ Չնայած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին տրամադրվելիք երկու Միստրալ ուղղաթիռակիրների պայմանավորվարծությունն ուժի մեջ է։

Դրանից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ֆրանսիական կողմը պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը շարունակի իր ներկա քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։ Սակայն, ըստ նախարարի, Ֆրանսիան չի կարող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել միայնակ, ըստ այդմ, կխնդրի Մեծ Բրիտանիային ևս միանալ պատժամիջոցներին ու մասնավորապես սառեցնել Լոնդոնում ապրող ռուսաստանցի մեծահարուստների հաշիվները։

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության աղբուրը հայտնել էր, որ պայմանագիրը խզելու դեպքում Ֆրանսիան զգալի ֆինանսական կորուստներ կունենա։ Պատճառն այն է, որ ռուսական կողմն արդեն վճարել է 1,6 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագրի 1 միլիարդ դոլարը՝ չնայած նրան, որ Ֆրանսիան Ռուսաաստանին դեռ չի հանձնել նավերից ոչ մեկը։ Պայմանագրի խզման դեպքում խզող կողմը պիտի տուգանք վճարի։

Պատժամիջոցներ կիրառելու մասին տեղեկությունները մեկնաբանելով՝ Ռուսաաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ֆրանսիական կողմը պարտավոր է կա´մ ժամանակին տրամադրել ուղղաթիռակիր նավերը, կա´մ վերադարձնել գումարը։

Հետագայում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիան կարող է ոչ թե խզել պայմանագիրը, այլ ժամանակավորապես սառեցնել այն։ Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ Միստրալ տիպի առաջին ուղղաթիռակիր նավը ֆրանսիական կողմը նախատեսում է Ռուսաստանին հանձնել հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի խզումը ֆրանսիական կողմը հավանաբար կքննարկի հոկտեմբերին։

Նշենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ Եվրամիության պետությունների արտգործնախարարների խորհուրդը արդեն կիրառել է պատժամիջոցներ։ Մասնավորապես ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել են Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեին կողմ արտահայտված մի շարք պաշտոնայներ։ Նրանց արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, սառեցվում են այդ երկրներում այս անձանց ունեցած բանկային հաշիվները։ Պատժամիջոցները մտցվել են մարտի 17-ին ու կտևեն մինչև 2014-ի սեպտեմբերի 17-ը։

Տեղեկացնենք, որ նավն առաջին փորձարկումն անցել էր մարտի 5-ին։

Վլադիվոստոկն առաջին անգամ ջուրն է իջեցվել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Նավի հիմնական մասը կառուցվել է «Բալթյան գործարանում», որից հետո նոր տեղափոխվել է STX France–ի նավաշինարան։

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *