Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում 2014-ի հունվարի վերջից մեկնարկել են համալիր տեսչական ստուգումներ ռազմական դատախազության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, այդ մասին հայտնի է դարձել միայն ներկայումս։ Ստուգվել է ՌԾՈւ-ի վերջին 15 տարվա գործունեությունը, հարցաքննվել են տարբեր ռազմանավերի անձնակազմերը, բարձրաստիճան զինվորականները, հրամանատարական կազմը։
Ըստ աղբյուրի՝ ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, մասնավորապես՝ հայտնաբերվել են ռազմանավերի արդիականացման ու վերանորոգման ժամանակ օրինազանցություններ. բյուջեից դուրսգրված միջոցներն օգտագործվել են ոչ խելամիտ կերպով։ Բացի այդ աղբյուրի համաձայն՝ հնացած ռազմանավերը, որոնք դուրս էին բերվել շահագործումից, ներկայացվել են որպես մարտունակ նավեր, կեղծ փաստաթղթերով նավերի ներկեր են գնվել ու սեփականաշնորհվել են ՌԾՈւ-ին պատկանող նավեր՝ գրանցելով որպես այս կամ այն հրամանատարի սեփականություն։
Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հրաժարվել է մեկնաբանել սույն տեղեկությունները։
Նախնական տվյալներով՝ մեծ չափի կաշառակերության համար արդեն ձերբակալվել են ՌԾՈւ 6 զինվորականներ։ Նրանց ինքնությունը չի հաղորդվում։
Այնուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի ՌԾՈւ-ում ձերբակալությունների ու կադրային փոփոխությունների ալիք է բարձրացել։
Այսպես, 2014-ի մարտի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով առանց որևէ հիմնավորումների հեռացվել էր Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը։ Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ նրա ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարաբերությունները լարված էին։
Նրա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը: Սակայն մարտի 31-ին հայտնի էր դարձել՝ հեռացրել են նաև Յունուս Մամեդովին՝ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար նշանակելով երկրորդ կարգի կապիտան Շահին Մամեդովին, որը ստանձնել է ՌԾՈւ շտաբի պետի պարտավորությունները ևս։
2014-ի մարտի սկզբին ձերբակալվել էր Ադրբեջանի ռազմածովային ուժերի պարենային ծառայության ղեկավար, փոխգնդապետ Հաֆիզ Բաուշևը։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գույքի սեփականացման հոդվածներով։
Նկատենք, որ Բաուշևը հայտնի էր որպես Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի մտերիմներից մեկը, Սուլթանովն էլ իր հերթին Սաֆար Աբիևի կադրերից է։
Ավելի վաղ ձերբակալել էին ՌԾՈւ թիկունքային ապահովման ծառայության պետ, փոխգնդապետ Հուսեյնով Սեյֆի Ռամազան օղլուին, նաև Աբիևի կադրերից ևս մեկին՝ պահեստային ուժերի միչման, Kod555 մականունով Էլհան Գաջիևին։
Օրերս էլ ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ պետական գույքի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար պատասխանատվության է ենթարկվել Շահին Սուլթանովի եղբայրը՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում աշխատող Էլչին Սուլթանովը։
Այսպիսով, ամփոփելով ընդհանուր պատկերը՝ տպավություն է ստեղծվում, որ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը և նրան համակիր ուժերը փորձում են ամեն կերպ «մաքրել» ադրբեջանական զինուժն աբիևյան կադրերից։ Նման տեսակետներ Ադրբեջանում սկսել են հնչեցնել 2014-ի հունվարից։