ՆԱՏՕ-ն կասեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 1-ին հաստատել են, որ կասեցնում են ցանկացած տիպի ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն որոշել են ՌԴ-ի հետ փոխառնչությունները դեսպանների ու դիվանագետների մակարդակով պահպանել։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարները ծրագրում են սույն հարցը կրկին քննարկել 2014-ի հունիսին կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբին ՆԱՏՕ-ն արդեն իսկ կասեցրել էր ՌԴ-ի հետ արտահանման պայմանագրերը, ինչպես և առաջին համատեղ առաքելության՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարներն ամերիկյան նավում ոչնչացնելու գործընթացը։

Նկատենք, որ ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն փոխգործակցում էին հիմնականում հակաահաբեկչական, թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելության իրականացման և ռազմական օգնության ցուցաբերման հարթակներում։ Դեռևս 2013-ի դեկտեմբերին ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվել էին հնացած զինամթերքի մի մասը Կալինինգրադի շրջանում ոչնչացնելու առնչությամբ։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի նման որոշումը պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ Արևմուտքի կիրառած ու նախատեսած պատժամիջոցների շրջանակներում։ Դրանց շարժառիթը Ղրիմի միացումն է ՌԴ-ին։

Մարտի 16-ին Ղրիմում կայացավ հանրաքվե, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

One response to “ՆԱՏՕ-ն կասեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ

  1. Pingback: ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքորոշումը պաշտպանության ծախսերի կրճատման հարցում անընդունելի է. Ռասմուսեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *