ՌԴ-ում զինապարտների 1/3-ը չի զորակոչվել առողջական խնդիրների պատճառով

Ռուսաստանում 2013 թվականի զորակոչի ենթակա երիտասարդների ավելի քան 1/3-ը չի զորակոչվել ողնաշարի խնդիրներ և հոգեկան խանգարումներ ունենալու պատճառով։

Այս մասին ռուսաստանյան լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Կոնստանտին Կուվշինովը։

Ըստ գնդապետի հայտարարության՝ 17,3 %-ը բաժին է ընկնում ողնաշարի խնդիր ունեցողներին, 13,1 %-ը՝ հոգեկան խանգարումներին և 9,5  %-ը  մարսողության օրգանների հիվանդություններին։

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի օգոստոսին, երբ ավարտվել էր Ռուսաստանում գարնանային զորակոչը, ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ֆիսունը հայտարարեց, որ Ռուսաստանում գարնանային զորակոչի ենթակա չի եղել երիտասարդների 30 տոկոսը։

Ըստ Ֆիսունի՝ զորակոչվողների 70 տոկոսը կամ լրիվ պիտանի է եղել, կամ էլ պիտանի որոշակի սահմանափակումներով։

Վարչության պետը հայտարարել էր նաև, որ 2013 թվականին զորակոչիկների շրջանում աղիքային վարակներով ախտորոշումներ չեն գրանցվել։ Դրա փոխարեն երիտասարդների շրջանում տարածված են եղել սուր շնչառական վարակներ, որոնց համար ձեռնարկվել են քայլեր։

Նշենք, որ 2011 թվականին գարնանային զորակոչի համար դարձյալ ենթակա չի եղել երիտասարդների 30 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *