Քեսաբի հարցում Թուրքիան 2 կարևոր խնդիր է ցանկանում լուծել. Գևորգ Պետրոսյան

Մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ «ալ Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորումների անդամները տարբեր ուղղությամբ գրոհել էին Սիրիայի հայաբնակ, Թուրքիային սահմանակից Քեսաբ շրջանը՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը և խորանալ։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան։ Լուսանկարը՝ Razm.info-ի

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան։ Լուսանկարը՝ Razm.info-ի

Քեսաբում մինչ օրս շարունակվում են մարտերը։ Հաշվի առնելով թեմայի նշանակությունն ու արդիական լինելը՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ապրիլի 1-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամում կայացած ասուլիսին անդրադարձավ նաև դրան։

Թուրքագետն ընդգծեց, որ Քեսաբը Թուրքիայի համար կարևոր է, քանի որ դրա գրավելու ձգտումներն ունեն 2 լուրջ խնդիր լուծելու ենթատեքստեր։ Առաջինը Քեսաբի ռազմավարական նշանակալից դիրքն է, այն ըստ էության բաժանում է Լաթաքիայի շրջանը Թուրքիայից։ Բացի այդ, այս ալավիաբնակ տարածքի նվաճմամբ՝ Թուրքիան ծրագրում էր խարխլել Բաշար Ասադի ուժերի հենքը։

Մյուս խնդիրն անշուշտ Թուրքիային սահմանամերձ շրջանի հայաթափումն է։ Բնականաբար, Թուրքիային ձեռնտու չէ Սիրիայում, առավել ևս Լաթաքիայի շրջանում կշիռ ունեցող և ակտիվ հայ համայնքի առկայությունը։ Ուստի, Քեսաբի հայերն անմիջական թիրախ էին թուրքական ուժերի համար։

Թուրքագետը կարևոր համարեց այն միտքը, որ ներկա դրությամբ Քեսաբի ու առհասարակ Սիրիայի հայության պաշտպանության և անվտանգության երաշխավորը հենց Ասադին հավատարիմ Սիրիայի զինված ուժերն են։

Նա նաև կոչ արեց՝ համացանցում չտարածել Քեսաբի ու քեսաբի հայության հետ որևէ առնչություն չունեցող, դաժան մահապատիժ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբր ծնկաչոք հայերի են սպանում։

«Պետք չէ նման ուղերձներ հղել, թե կրկին հայերի են սպանում, այն էլ՝ ծնկաչոք և անզեն, պետք է հիմնվենք հաղթանակների վրա, ինչպիսին, օրինակ, Արցախի հերոսամարտն է։ Պետք է տարածել հաղթող հայի կերպարը, նման ուղերձներ հղել, ոչ այնպիսին, ինչպես հիմա է արվում համացանցում»,-հավելեց Պետրոսյանը։

Եզրափակելով խոսքը՝ թուրքագետը նկատեց, որ կամավորական ջոկատներ կազմելու և Սիրիա մեկնելու կոչերի փոխարեն կարելի է դրամահավաք անել, համապատասխան պայմաններ ստեղծել Քեսաբի հայերի վերաբնակության համար Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, որտեղ էլ նրանք անվտանգության կապահովեն արդեն հայկական զինուժի զինծառայողները։

Հիշեցնենք, որ մարտի 28-ի դրությամբ Քեսաբում շարունակվում էին մարտերը Սիրիայի զինված ուժերի և իսլամիստ զինյալների միջև։ Թեև սիրիական զորքերը կարողացել էին որոշակիորեն առաջանալ զինյալների զբաղեցրած դիրքերի ուղղությամբ, սակայն Քեսաբը շարունակում էր մնալ իսլամիստների վերահսկողության ներքո։

Թուրքական աղբյուրները նշում են, թե Սիրիայի հատվածում սիրիական օդուժը գործողություններ է իրականացնում։ Ականատեսների վկայությամբ՝ զինյալներն արդեն մի քանի օր է, ինչ կողոպտում են հայերի ունեցվածքը, իսկ գողոնը տանում են Թուրքիայի տարածք։

Քեսաբի շրջանը սահմանակից է ներկայիս Թուրքիային (1939 թվականին Սիրիայից խլված Ալեքսանդրեթի սանջակին, որը ներկայում թուրքերը կոչում են Հաթայի նահանգ)։ Քեսաբն ունի 3000 հայ բնակիչ, 3 եկեղեցի, կարևոր ռազմավարական դիրք է զբաղեցնում Լաթաքիայի և Թուրքիայի միջև, ունի գեղեցիկ բնություն և որպես հանգստավայր է ներկայանում։ Այս հատվածում է նաև Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանային անցակետը, որը ներկայում ևս անցել է Ասադի հակառակորդների ձեռքը։

1909-ին Կիլիկիայի (Ադանայի) կոտորածի ժամանակ հայերի ջարդեր են եղել նաև Քեսաբում: 1915-ին՝ հայերի ցեղասպանության շարունակության ժամանակ նոր ջարդեր են եղել հայաբնակ այս շրջանում։ Հերթական հարվածն էլ հայերը ստանում են արդեն 21-րդ դարում և կրկին Թուրքիայի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *