Ռուսաստանը դադարեցրել է Սևծովյան նավատորմին վերաբերող Ուկրաինայի հետ կնքված միջպետական պայմանագրերը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման 2014-ի մարտի 31-ին քվեարկությամբ չեղյալ է համարել նախկինում Ուկրաինայի հետ կնքված միջպետական չորս պայմանագիր, որոնք վերաբերում էին ՌԴ ռազծամովային ուժերի Սևծովյան նավատորմի՝ Ուկրաինայի տարածքում տեղակայման ժամկետներին և պայմաններին։ Պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը մարտի 28-ին Պետդումայի հաստատմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Քվեարկությանը մասնակցել է 442 պատգամավոր, որոնք միաձայն կողմ են քվեարկել Ուկրաինայի հետ կնքված պայմանագրերի դադարեցմանը։ Դրանց թվում են 1997-ի մայիսի 28-ին Կիևում և 2010-ին Խարկովում ստորագրված միջպետական պայմանագրերը։ Նշենք, որ ինչպես նշված էր ՌԴ նախագահի՝ Պետդումային ուղղված փաստաթղթում, միջպետական պայմանագրերի դադարեցման անհրաժեշտությունը պայմանավորված է Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ ընդգրկմամբ։

Հավելենք, որ 2010 թվականի ապրիլի 21-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վիկտոր Յանուկովիչի և Դմիտրի Մեդվեդևի ստորագրած համաձայնագրով Ռուսաստանը ստանում էր Սևծովյան նավատորմը Ղրիմի և Սևաստոպոլի այն ժամանակ դեռ ուկրաինական նավահանգիստներում տեղակայելու իրավունքի ժամկետի երկարաձգում մինչև 2042 թվականը՝ փոխարենը Ուկրաինային մատակարարելով գազ՝ արտոնյալ պայմաններով։ Վերջինս ենթադրում էր մատակարարված յուրաքանչյուր 1 000 մ3 գազի արժեքի շուրջ 100 ամերիկյան դոլարի սուբսիդավորում՝ ՌԴ պետբյուջեի հաշվին։

Այժմ արդեն, երբ պայմանագրի գործողությունը դադարեցված է, կվերանայվի նաև Ուկրաինա արտահանվող ռուսաստանյան գազի սակագինը, որն ըստ մասնագետների հաշվարկների կկազմի 450-ից 500 դոլար՝ 1 000 մ3-ի դիմաց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *