Ֆրանսիական Airbus Helicopters և չինաստանյան Avicopter ուղղաթիռաշինական ընկերությունները կնքել են համատեղ արտադրության 20-ամյա պայմանագիր, որով նախատեսվում է արտադրել շուրջ 1 000 միավոր EC-175/ AC-352 ուղղաթիռ։ Պայմանագիրը կնքվել է Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Կողմերի միջև համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2005-ին, իսկ այժմ արդեն այն կդառնա ավելի առարկայական և արդյունքում կիրականացվի ուղղաթիռների խոշորածավալ արտադրություն։ Նշենք, որ առաջիկա 20 տարում արտադրության իրագործման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 21 միլիարդ ամերիկյան դոլար։
Հարկ է նկատել, որ Ֆրանսիան և Չինաստանը մինչ այդ իրականացնում էին համապատասխանաբար EC-175 և AC-352 ուղղաթիռների արտադրությունը, իսկ այժմ կիրականացվի այդ երկու ուղղաթիռների հիման վրա ստեղծված EC-175/ AC-352 ուղղաթիռը։
Airbus Helicopters-ն ու Avicopter-ը հստակեցրել են նաև իրենց համատեղ արտադրանքի սպառման շուկան։ Ըստ այդմ՝ չինաստանյան կողմը հիմնականում բավարարելու է հենց Չինաստանի ներքին շուկայի պահանջները, իսկ ֆրանսիականը կարտահանի ուղղաթիռները աշխարհի տարբեր երկրներ։
Հավելենք, որ EC-175/ AC-352 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի առաջնային խնդիրը լինելու է քաղաքացիական և կոմերցիոն պահանջների բավարարումը։ Նախատեսվում է, որ այն կօգտագործվի որոնողափրկարարական աշխատանքերի ու չափավոր բեռնափոխադրումների իրականացման, ինչպես նաև պաշտոնատար անձանց սպասարկման համար։