Վիկրամադիտիա ավիակիրը սպասարկող խմբի ռոտացիա կլինի

Հնդկաստանում Վիկրամադիտիա ավիակրի երաշխիքային սպասարկմամբ զբաղվող խմբի ռոտացիա է իրականացվում։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին Հնդկաստանի Կարվար նավահանգստից Ռուսաստան կժամանի «Սևմաշ» նավաշինական ընկերության 46 աշխատակից։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Այս մասին հայտնում է «Սևմաշ» ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` 46 աշխատակցի փոխարեն Հնդկաստան կուղևորվի նավաշինական ընկերության 36 աշխատակից։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի սկզբին ավիակիրն արդեն հասել էր Հնդկաստանի Կարնատակա նահանգի Կավար քաղաքում տեղակայված ռազմածովային բազա առանց սպառազինության և ինքնաթիռների։ Ըստ այդմ էլ, դեռ շուրջ մեկ տարի Հնդկաստանում աշխատելու է երաշխիքային սպասարկման ռուսաստանյան խումբը։ Դրանից հետո ընթացիկ տարվա փետրվարին հայտարարվեց, որ նավի երաշխիքային սպասարկման ժամկետըՀնդկաստանի առաջարկով նախատեսվում է երկարաձգել՝ 20 տարուց հասցնելով 40 տարի։
Իսկ ընդամենը վերջերս հայտարարվեց, որ Հնդկաստանը ռուսաստանյան «Սևմաշ» նավաշինական ընկերության հետ 2014 թվականի մայիսին նախատեսում է ստորագրել Վիկրիմադիտիա ավիակրի երաշխիքային սպասարկման ժամկետի երկարաձգման համաձայնագիր։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ «Վիկրամադիտիա» անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից չի բավարարել պատվիրատուի պահանջներին ու տարվել է վերանորոգման։

Նավի հանձնումը Հնդկաստանին հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։
Վիկրամադիտիան թեթև ավիակիր է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *