Մոսկվայում սկսել են Հաղթանակի օրվա տոնակատարության փորձերը

Հաղթանակի օրվա առիթով մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում արդեն մեկնարկել են տոնակատարության փորձերը։ Ինչպես հայտնի է, Մայիսի 9-ի համար միջոցառումներ են կազմակերվելու Ռուսաստանի 24 քաղաքներում, այդ թվում նաև՝ Սևաստոպոլում։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի մամուլի ծառայության ներկայացուցիչ, մայոր Կիրիլ Կիսիլյովը։
Կիսիլյովի հավաստմամբ՝ հիմա միջոցառման մասնակից սպաները, սերժանտները, ռազմական բուհերի կուրսանտներն ու շարքային զինծառայողները փորձում են հանդիսավոր երթի քայլերթը։

Հայտնի է, որ փորձերին մասնակցում է ավելի քան 11 հազար զինծառայող, օգտագործվում է շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ Տիգր ավտոմեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Տ-90Ա տանկեր, Մստա-Ս ինքնագնաց հրետանային համակարգեր, ԲՈւԿ-Մ2Ու զենիթահրթիռային համալիրներ, Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրներ, Ս-400 զենիթահրթիռային համակարգերի արձակման կայաններ, ինչպես նաև Տոպոլ-Մ հրթիռային համալիրներ։

Ալաբինո զորավարժարանում փորձերն իրականացվում են շաբաթական 3 անգամ, որից հետո փորձերը կտեղափոխվեն Մոսկվայի Կարմիր հրապարակ։

Նշենք, որ 1945 թվականին Խորհրդային Միությունը հաղթանակ տարավ երկրորդ համաշխարհային պատերազմում։

Հիշեցնենք, որ Ալաբինո զորավարժարանում 2013 թվականին անցկացվել է տանկային բիաթլոն միջազգային մրցումը, որին մասնակցել է նաև հայկական զորախումբը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *