2014-ի մարտի 18-ից ՌԴ կազմում ընդգրկված Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչները 2014-ին չեն զորակոչվի. պարտադիր զորակոչը նրանց համար մեկնարկելու է միայն 2015-ից։
Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքերով՝ Ղրիմի բնակիչները, ըստ երևույթին, ծառայության են անցնելու հենց Ղրիմի տարածքում մինչև 2016-ը, իսկ դրանից հետո արդեն՝ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքի կտրվածքով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը մարտի 25-ին հրամանագիր էր ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։
Հիշեցնենք նաև, որ այդ շրջանում աշխատանքային այցով Ղրիմում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, մինչդեռ Ալեքսանդր Տուրչինովի՝ մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։
Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։
Մարտի 16-ին Ղրիմում կայացավ հանրաքվե, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։