Թուրքիայում վերապատրաստված լիբիացի զինծառայողները վերադարձան հայրենիք

Թուրքիայում 14 շաբաթ տևողությամբ վերապատրաստումից հետո օրերս Լիբիա է վերադարձել զինծառայողների առաջին խումբը՝ կազմված 300 հոգուց։

Լիբիայի զինված ուժերի զինծառայողների առաջին խումբը Թուրքիա էր ժամանել դեկտեմբերի 7-ին, որտեղ էլ անցած ամիսներին վերապատրաստում էր անցել։ Լիբիացի զինվորականները վերապատրաստում են անցել Ըսփարթա նահանգում Թուրքիայի զինված ուժերի զորամասում։

Դասընթացի ավարտից հետո կայացել է վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո էլ լիբիացի զինվորականները վերադարձել են հայրենիք՝ ծառայությունը շարունակելու։

Թուրքիան պարտավորվել է վերապատրաստել Լիբիայի զինված ուժերի 3000 զինծառայողի, որոնց ընդունում է խմբերով։

Նշենք, որ Լիբիայի զինծառայողները ներկայում վերապատրաստվում են նաև այլ երկրներում, որոնք ստանձնել են Մուամմեր Քադաֆիի պաշտոնանկությունից և սպանությունից հետո լիբիական զինուժը վերակազմավորելու գործընթացը։ Մասնավորապես, մինչև 2000 լիբիացի զինծառայող վերապատրաստվելու է Մեծ Բրիտանիայում։ Եվս 8000 լիբիացի զինծառայող կարող է վերապատրաստվել Բուլղարիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *