Զգալի ֆինանսական միջոցներ՝ ճշգրիտ և հեռահար սպառազինության համար. Օհանյան

ՀՀ ՊՆ-ում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին:

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:

Սեյրան Օհանյանը, բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները, կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` գեներալ-գնդապետ Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:

Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *