Մեծ Բրիտանիան շահագործումից հանում է Tornado GR.4 կործանիչ-ռմբակոծիչները

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը շարունակում է շահագործումից հանել Panavia Tornado GR.4 կործանիչ-ռմբակոծիչներն ու կազմալուծել այն էսկադրիլիաները, որոնք բաղկացած են հենց այս ինքնաթիռներից։

Շոտլանդիայի ավիաբազաներում տեղակայված նման երկու էսկադրիլիա կազմալուծվել է 2014-ի մարտի 28-ին։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Tornado GR.4

Tornado GR.4

Այսպիսով, ներկայումս Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում (ՌՕՈւ) մնացել է Panavia Tornado GR.4 կործանիչների երեք էսկադրիլիա, որոնց ապագան ևս մշուշոտ է։ Հայտնի է, որ դրանցից մեկը պահպանվելու է առնվազն մինչև 2015-ը և ծառայելու է երիտասարդ օդաչուների մասնագիտական հմտությունների կատարելագործման համար։

Նշենք, որ նախատեսվում է Panavia Tornado GR.4 կործանիչ-ռմբակոծիչները փոխարինել հինգերորդ սերնդի F-35B կործանիչներով, որոնք թագավորական օդուժի շարքերը կհամալրեն 2018-ից։ Վերոնշյալ ինքնաթիռները ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում կգործեն Typhoon FGR.4 կործանիչների հետ փոխկապակցված և կկատարեն ինչպես կործանիչների, այնպես էլ գրոհիչների գործառույթներ։

Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ նախագծմանը պատկանող Tornado կործանիչ-ռմբակոծիչների առաջին մոդիֆիկացիան շահագործման է հանձնվել 1980-ին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց։ Այն կարող է զարգացնել մինչև 1450 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Սպառազինությունում ունի երկու հրանոթ, կառավարվող հրթիռներ և ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *