Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կստեղծեն «օդ-մակերևույթ» դասի նոր հրթիռներ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են «օդ-մակերևույթ» դասի նոր հրթիռների նախագծման համատեղ աշխատանքներ սկսել, որոնք ընթանալու են 2010-ին երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Նախատեսվում է ստեղծել ուղղաթիռների կիրառման FASGW (Heavy) և FASGW (Light) թեթև և ծանր հրթիռների նոր տարբերակները, որոնք կլինեն ավելի կատարելագործված։ Այս մասին հաղորդում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։

Ընդհանուր առմամբ նախագիծը կարժենա շուրջ 830 միլիոն ամերիկյան դոլար, որից մոտ 455 միլիոնի հատկացումը բաժին կընկնի Մեծ Բրիտանիային։ Նախագծվող հրթիռներից պահանջվող տեխնիկական տվյալների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Նշենք միայն, որ դրանց ստեղծման աշխատանքներին մասնակցելու է նաև օդատիեզերական և ռազմական նշանակության տեղեկատվական համակարգերի արտադրությունում մասնագիտացող Thales ընկերությունը։

Ինչ վերաբերում է հրթիռների հետագա կիրառմանը, ապա նշենք, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է կիրառել դրանք ռազմածովային ուժերի կազմում, իսկ ավելի ստույգ՝ համալրել դրանցով AW159 Wildcat մարտական ուղղաթիռը, որը Մեծ Բրիտանիայի զինված ուժերում շահագործման կընդունվի 2015-ից։

Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, ֆրանսիական կողմի համար այս հրթիռների կիրառման հեռանկարներն այդքան էլ հստակ չեն։ Չնայած դրանց ստեղծման համար հատկացված մեծ գումարներին, Ֆրանսիան հայտարարել է, որ երկրի զինված ուժերն այդ հրթիռների կարիքը չի ունենա առնվազն մինչև 2020 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *