Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մարտի 23-29

Ադրբեջանում՝ մեկ կորուստ, մեկ վիրավոր։ Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալներ։ Դաղստանում սպանվել է ադրբեջանցի զինյալ։ Միջադեպ Նախիջևանի զինհոսպիտալում։ Լարված են Զաքիր Հասանովի ու պետական սահմանապահ ծառայության պետի հարաբերությունները։

Սիրիայում սպանված զինյալ Ադրբեջանից

Սիրիայում սպանված զինյալ Ադրբեջանից

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Զինծառայողը տեղում մահացել է։

-Ադրբեջանական լրատվակայքերի վկայությամբ՝ Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում, ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից», հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը։

Զինծառայողի ինքնությունն այս պահի դրությամբ պարզ չէ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը դեռ չի մեկնաբանել։

-Չնայած Ադրբեջանում որոշ մզկիթների և կրոնական կազմակերպությունների գործունեության արգելմանը և մի շարք ձերբակալություններին՝ ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա շարունակվում է։ Հայտնի է դարձել ադրբեջանական կողմի ունեցած նոր զոհերի մասին։

Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի Հալեպ ու Դերաա քաղաքներում ընթացող մարտերի ժամանակ վերջին 3 օրերին սպանվել է նվազագույնը 15 ադրբեջանցի, որոնք մարտնչում էին զինյալների տարբեր խմբավորումների կազմում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ։

Մարտի 26-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի տարածքում սպանվել է 12 ադրբեջանցի։ Ադրբեջանական լրատվամիջոցների վարկածի համաձայն՝ նրանցից երկուսը Սումգայիթի բնակիչներ էին, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի կազմում, Ադրբեջանի չեմպիոն է եղել 2012-ին ու 2012-ին Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության չեմպիոն։

Մարտի 27-ին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնի է դարձել, որ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի երկու զինյալներ սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

Մարտի 28-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի ևս 2 զինյալներ օրերս սպանվել են մարտերում։

-Դաղստանի տարածքում գործունեություն ծավալող, այսպես կոչված «Խասավյուրտյան» զինյալների խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը՝ ադրբեջանցի Թուրալ Աթաևը, սպանվել է ՌԴ ուժային կառույցների աշխատակիցների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ։

-Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զինվորական հոսպիտալներից մեկում բուժում անցած զինծառայողներից մեկը հրապարակել է 2014-ի մարտի 21-ին արված լուսանկար, որտեղից հետևում է՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին հարկադրում են մաքրություն անել հոսպիտալում։

-Ուկրաինայի ու ՌԴ-ի ներկայիս լարված հարաբերությունները, ինչպես և Ղրիմի ու Սևաստոպոլի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելն Ադրբեջանի համար մտահոգիչ են դարձել ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլև ռազմական և ռազմավարական տեսանկյունից։

Ադրբեջանի կառավարությունից հայտնել են՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պատվիրել է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնին՝ հիմնականում ռազմածովային ուժերում կիրառվող տեխնոլոգիաներ և ավիացիոն համակարգեր։ Ընդ որում, համաձայն՝ աղբյուրի՝ Ադրբեջանն արդեն կանխավճար է տվել դրանց համար։

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնավարում է 2013-ի հոկտեմբերի 22-ից, կադրային կտրուկ փոփոխությունների իրականացման հետևանքով նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ զինվորականների զգալի մասին հեռացնելուց հետո թերևս փորձում է իր ազդեցությունը տարածել նաև Ադրբեջանի ռազմականացված այլ կառույցների վրա:

Վերջին շրջանում սրված են Հասանովի ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի հարաբերությունները: Վերջինս համարվում է Սաֆար Աբիևի մտերիմ զինվորականներից:

-Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» մարտի 23-ին բողոքի ցույց է անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջև՝ վկայելով, որ այս միջազգային կառույցը «քայլեր չի ձեռնարկում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացահայտ դժգոհությունները 2007-ից ի վեր մինչև վերջերս կազմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների անբաժանելի մի մասը։

-Ադրբեջանի Հանրապետությունը ևս երեք երկրներում՝ Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ինդոնեզիայում, նշանակել է ռազմական կցորդներ, որոնց ինքնությունն այս պահի դրությամբ չի հրապարակվել։

-Ադրբեջանում Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերաններ Վագըֆ Հանբաբաևը, Նամիք Ալիևը, Ֆաիգ Մուսաևն ու Նաթիգ Բագիրովը դժգոհություններ են հայտնել լրատվամիջոցներին, որ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանամերձ Ղազախի շրջանում տեղակայված Արցախյան պատերազմում զոհվածների գերեզման-հուշարձանը՝ այսպես կոչված «շեհիդների ծառուղին», բարձիթողի վիճակում է։

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի հյուսիսային սահմաններին կից ՌԴ զինուժի անցկացվելիք վարժանքներին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *