Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում մարտի 28-ին։ Բայարի հեռացման հրամանագիրը ստորագրել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
Դեռ հայտնի չէ, թե ով է Բայարին փոխարինելու Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի պաշտոնում։ Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից, իսկ այդ ընթացքում թուրքական ռազմարդյունաբերությունը զգալի աճ է գրանցում ինչպես թուրքական զինուժի պահանջները բավարարելու, այնպես էլ արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից։
Բայարի հեռացումն անակնկալ է եղել, քանի որ մինչ այդ հնարավոր հեռացման մասին տեղեկություններ չէին շրջանառվում։
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի տեղեկություններով՝ Բայարը հեռացվել է այլ պաշտոնի անցնելու նպատակով։ Մասնավորապես, Բայարը կարող է նշանակվել Թուրքիայի նախագահի խորհրդական։
Հետաքրքիր է, որ Բայարի հեռացումը հաջորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում գաղտնի խորհրդակցության ընթացքում արված ձայնագրության տարածմանը համացանցում։