Ռազմաշաբաթ. Թուրքիա. մարտի 23-29

Թուրքիան Սիրիայի դեմ հարձակում էր պատրաստում, իսկ Քեսաբի մարտական գործողությունների ժամանակ գործուն աջակցություն ցուցաբերում զինյալներին, թուրքերը կատերներ են վաճառում Քաթարին, ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարը հեռացված է պաշտոնից, կրկին ՀՕՊ համակարգի շուրջ և այլ զարգացումներ՝ թուրքական ճամբարում.

” Մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ«ալ Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորման անդամները տարբեր ուղղությամբ գրոհել էին սիրիական բանակի դիրքերը՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը և խորանալ։ Սիրիական բանակը պատասխան գործողություն է սկսել։

” 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ երկրում հասունացել է հերթական խոշոր սկանդալը, որն անմիջականորեն կապված է Սիրիայի հետ։ Մարտի 27-ինհամացանցում տարածվել է Թուրքիայի արտգործնախարարի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության գաղտնի ձայնագրությունը, որտեղ քննարկվում են թուրք-սիրիական սահմանին սադրանքի կազմակերպումն ու դրանից ծայր առած իրադարձությունները հիմք ընդունելով՝ Սիրիայի տարածք ռազմական ներխուժումը։

” Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ Բայարի հեռացման հրամանագիրը ստորագրել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

” Չինական CPMIEC ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի հետ կնքվելու է մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ պայմանագիրը, որի ստորագրումը ձգձգվում է 2013-ի սեպտեմբերից։ CPMIEC-ի ներկայացուցիչ Վու Յանը մասնակցել է Դոհայում անցկացված DIMDEX 2014 ռազմական ցուցահանդեսին, որի ժամանակ էլ հայտարարել, թե Թուրքիայի հետ գործարքը «գրեթե կնքված է», սակայն հստակ ժամկետներ չի նշել։

” Թուրքիայում սկսել են նոր տանկային դեսանտի նավերի (Landing Ship Tank, LST) կառուցումը: Նախատեսվում է ստեղծել երկու նմանատիպ նավ, որոնք կհանձվեն Թուրքիայի ռազմածովային ուժերին։ Տանկային դեսանտի նավի նախագծի հաղթող է ճանաչվել թուրքական Anadolu Deniz İnşaat Kızakları (ADIK) ընկերությունը, որն էլ 2013-ի մարտի 18-ից սկսել է նավի կառուցման աշխատանքները։

” Թուրքական Արես նավաշինարանը պայմանագիր է կնքել Քաթարի առափնյա անվտանգության ծառայության հետ, որով էլ 17 միավոր պարեկային կատեր է մատակարարելու արաբական կողմին։ Պայմանագրի արժեքը, որը կնքվել է Դոհայի DIMDEX 2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ, կազմել է 220 մլն ամերիկյան դոլար, որի դիմաց Քաթարը ստանալու է 2 միավոր Ares 150 Hercules, 10 միավոր Ares 110 Hercules և 5 միավոր Ares 75 Hercules պարեկային կատերներ։

” Թուրքիայի պաշտպանության նախարարությանը ենթակա ռազմարդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը դժգոհություն է հայտնել երկրի ռազմարդյունաբերական ոլորտի մասնավոր ընկերություններից։ Բայարը նշել է, թե մասնավոր ընկերությունների արտադրանքի որակը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ինչպես նաև նրանց մոտ կաղում է գիտահետազոտական աշխատանքը, ինչպես նաև խնդիրներ կան հեռանկարային ներդրումների հարցում։

” Թուրքիայի Նիդղե շրջանում ոստիկանների և զինծառայողների վրա զինված հարձակման հետաքննության շրջանակներում նախօրեին թուրք իրավապահները ձերբակալել են 3 հոգու, որոնցից երկուսն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Մարտի 20-ի ցերեկային ժամերին ստուգման ժամանակ ոստիկանների կանգնեցրած միկրոավտոբուսից 3 անձինք ինքնաձիգերով կրակ են բացել ոստիկանների և ժանդարմների վրա։ Կրակահերթերի հետևանքով Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի 1 զինծառայող, ոստիկանության 1 աշխատակից և 1 վարորդ էր սպանվել, ևս 7 զինծառայող վիրավորվել էր։

” Թուրքիան ևս մասնակցելու է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ անցկացվող Joint Warrior ծովային զորավարժությանը։ Ռազմածովային ուժերի վարժանքներին մասնակցելու են նաև Միացյալ Նահանգները, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Նորվեգիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։ Թուրքիան զորավարժությանը ներկայանալու է ռազմածովային ուժերի TCG Gaziantep (Գազիանթեփ) ֆրեգատով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *