ՌԴ Կասպյան նավատորմիղը մարտավարական լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում Դաղստանի Ադանաք զորավարժարանում։ Ծրագրված է անցկացնել 16 վարժանքներ շուրջ հազար զինծառայողի և 150 միավոր ռազմական տեխնիկայի մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, վարժանքների ընթացքում զինծառայողները կիրառելու են Նոնա ինքնագնաց հրետանային համակարգեր, Ռապիրա հակատանկային հրանոթներ, Մետիս ու Ֆագոտ հակատանկային կառավարվող հրթիռներ։
Ծովային հետևակները, համաձայն նախապես գրված սցենարի, հակադեսանտային պաշտպանություն են իրականացնելու՝ փորձելով նաև գրավել ու ոչնչացնել պայմանական հակառակորդի նավերը։
Նկատենք, որ ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը մարտի 15-ին դուրս էր եկել Կասպից ծով՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Վարժանքներին մասնակցում էին Թաթարստան ու Դաղստան հրթիռային ռազմանավերը, Ատաման Պլատով միջին դեսանտային կատերը, 4 միավոր Սերնա տիպի արագընթաց դեսատնային կատերներ։
Հավելենք, Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով: