ՌԴ զինուժում չընդգրկված ղրիմյան զորամասերի զինտեխնիկան տրամադրվելու է Ուկրաինային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուկրաինական կողմին հանձնել Ղրիմի այն զորամասերին պատկանող ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որոնք ռուսական կողմին չեն սատարել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահին զեկուցել է՝ Ղրիմից արդեն դուրս են եկել պաշտոնական Կիևին հավատարիմ մնացած զորամասերի անձնակազմերը։

«Ավարտվել է ռուսական զինուժին անցած բոլոր ռազմանավերի ու ստորաբաժանումների պետական խորհրդանիշների փոփոխության գործընթացը։ Ուկրաինայի պետական խորհրդանիշների պղծման կամ անհարկի վերաբերմունքի դեպքեր չեն թույլատրվել»,-շեշտել է Շոյգուն։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել ուկրաինական կենտրոնական իշխանությունների զինված ուժերի գործել ցանկացող Ղրիմյան զորամասերի ռազմանավերի և ավիացիոն տեխնիկայի՝ ուկրաինական կողմին հանձնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը մարտի 25-ին հրամանագիր էր ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։

Հիշեցնենք նաև, որ այդ շրջանում աշխատանքային այցով Ղրիմում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, մինչդեռ Ալեքսանդր Տուրչինովի՝ մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։
Նկատենք, որ ուկրաինական 3 նավեր, այդ թվում` Դոնբաս կառավարման նավը, Կրեմենեց փրկարարական քարշակ-նավն ու Բորշիվ հակահրդեհային կատերը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի դրոշի փոխարեն մարտի 20-ի առավոտյան բարձրացրել էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։

ՌԴ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովը հայտնել է, որ ներկայում Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են ներառվել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետև՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմում։
Ուկրաինայի միակ 641 նախագծի Զապորոժիե սուզանավը մարտի 22-ին ևս համալրել էր Ռուսաստանի ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի կազմը՝ բարձրացնելով անդրեևյան դրոշը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *