Ղազախստանի տարածքում, որտեղ էլ տեղակայված են ՌԴ-ի վարձակալած զորավարժարանները, կասեցվել են ՌԴ հրթիռների փորձարկումները։ Պատճառը ռուսաստանյան МН-300 հրթիռի ընկնելն է ղազախստանյան բնակավայրի տարածքում։
Ինչպես հաղորդում է ղազախական Tengrinews լրատվական գործակալությունը, հղում տալով երկրի պաշտպանական գերատեսչության ընդունած որոշմանը, փորձարկումներ չեն անցկացվելու այնքան ժամանակ, մինչև պարզվեն միջադեպի հանգամանքները։
Նշենք, որ МН-300 հրթիռն ընկել էր Շունգայ ավանին կից, այն եղանակի մասին տեղեկություններ հավաքագրելու համար նախատեսված հրթիռ է, արձակվել էր Աստրախանի շրջանի Կապուստին Յար զորավարժարանից։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հավաստիացրել է՝ հրթիռի արձակումը ծրագրային էր՝ նախատեսված 2014-ին հրթիռների փորձարկումների ծրագրով, ինչն էլ նախապես համաձայնեցվել էր Ղազախստանի ՊՆ-ի հետ։
Հրթիռը պետք է որ ընկներ Նովայա Կազանկա շրջանում, սակայն տեխնիկական անսարքության հետևանքով ընկավ բնակելի ավանում։
Շունգայի բնակիչների վկայությամբ՝ գիշերվա ժամերին դղրդյուններ են լսել, ապա դուրս են եկել ու տեսել, որ հրթիռի վայր ընկնելու տեղում հրդեհ է։ Միջադեպի պատճառով զոհեր և տուժածներ չեն արձանագրվել։ Ինչպես հաղորդել է շրջանային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ Ռուստեմ Սուլկաշյովը, շրջանի ռադիացիոն իրավիճակն արդեն ստուգվել է, վերցրել են բոլոր փորձանմուշները, բնակիչներին ներկայումս վտանգ չի սպառնում։
Այնուհանդերձ, պաշտոնյան նշել է՝ հրթիռը «կարող էր և վտանգ ներկայացնել, քանի որ ավանին բավականին մոտ էր ընկել»։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն շահագործում է Ղազախստանի տարածքում ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, բացի այդ վարձակալում է «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանը։ 2014-ի սկզբին Ղազախստանը հայտարարել էր՝ մտադիր են կրճատել ՌԴ-ի կողմից շահագործվող ղազախստանյան օբյեկտների քանակն ու դրանց մի մասը տրամադրել գյուղատնտեսական շահագործման։