Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է մարտի 28-ին աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլուն։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը, ինչպես և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ ռազմական կրթության ոլորտում փոխգործակցության հարցեր։ Զաքիր Հասանովը շեշտել է «միջազգային ասպարեզում երկու երկրների ունեցած նման ռազմաքաղաքական հայացքները»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին՝ զերծ մնալով ռազմական ճանապարհով լուծումներ ակնարկելուց, միայն նշել է, որ այն «տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական սպառնալիքն է, պետք է լուծվի միջազգային օրենքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում»։
Հայտնի է, որ Վրաստանի պաշտպանության փոխնախարարի այցը տևելու է մինչև մարտի 29-ը։
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը մեկնել էր Վրաստան՝ Վրաստանի ԶՈւ ուսումնական հաստատություններում կրթական համակարգին ծանոթանալու նպատակով:
Նկատենք, որ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները դեռևս 2013-ի մարտի սկզբին 2013-ի կտրվածքով երկկողմ համագործակցության համաձայնագիր էին ստորագրել. Վրաստանի կողմից ստորագրել էր Իրակլի Ալասանիան, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը: Համաձայնագրի մանրամասները հայտնի չեն: