Ռուսաստանի օդադեսանտային զորքերը կստանան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներ

ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաները, որոնք ներկայում անցնում են զորային փորձարկումներ, Ռուսաստանում սպառազինությունում կընդգրկեն ու ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերին կտրամադրեն 2015-ին։ Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտնել է Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։

ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենայի հետ զորային փորձարկումներ է անցնում նաև դեսանտային զորքերի համար նախատեսված ԲՏՌ-ԴՄ «Ռակուշկա» զրահափոխադրիչը։ Գեներալ-գնդապետ Շամանովի խոսքով՝ փորձարկումներն իրականացնող անձնակազմերը հեշտությամբ են հարմարվել նոր մեքենաներին, ինչի շնորհիվ զինված ուժերը նախատեսում են 2015-ին մեքենաներն ընդունել սպառազինության։

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի սկզբին Ռուսաստանի ԶՈւ-ն ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներն արտադրող «Կուրգանմաշզավոդի» հետ պայմանագիր էր կնքել, որի համաձայն՝ արտադրողը մինչև 2013-ի նոյեմբեր ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերին պիտի տրամադրեր 10 միավոր մեքենաներ։ Պայմանագրի արժեքը շուրջ 18,5 մլն ԱՄՆ դոլար էր։ Սակայն որոշ դետալներ արտադրող ընկերություններ թերացել էին աշխատանքում, ու արդեն 2013-ի հուլիսին հայտնի դարձավ, որ պայմանագրի կատարումը կուշանա ու ՌԴ ԶՈւ-ն նախատեսվածից քիչ ԲՄԴ-4Մ զրահամեքենաներ կստանա։

ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան ԲՄԴ-4-ի արդիականացումն է, այն նախատեսված է օդադեսանտային ուժերի տեղափոխման, սպառազինության ու պաշտպանվածության մեծացման համար։ Հատկանշական է այն, որ ԲՄԴ-4Մ-ի դետալները հնարավորինս նմանեցված են ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ մտնող ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս զգալիորեն գումար խնայել դետալների արտադրության մեջ, փոխլրացնել միմյանց մարտում, ինչպես նաև հեշտացնել մեքենաների վերանորոգումը նաև դաշտային պայմաններում։

Մեքենան անձնակազմը պաշտպանում է փամփուշտներից ու բեկորներից։ Աշտարակի վրա տեղադրված է «Բախչա-Ու» մարտական հանգույց, որից տեղադրված է նաև ԲՄՊ-2 մեքենայի որոշ արդիականացումների վրա։ Մարտական հանգույցի վրա տեղադրված են 100 մմ թնդանոթ, 30 մմ ավտոմատ թնդանոթ, ինչպես նաև թնդանոթներին կցված 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի վրա տեղադրված է նաև հակատանկային կառավարվող հրթիռների «Առկան» արձակման կայան՝ 4 հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *