Հնդկաստանի օդուժի C-130J ինքնաթիռը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Հնդկաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերին պատկանող C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռը մարտի 28-ին վթարի է ենթարկվել Հնդկաստանի կենտրոնական Մաջ Պրադեշ նահանգում։

C-130J Super Hercules, Հնդկաստանի ՌՕՈւ

C-130J Super Hercules, Հնդկաստանի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է հնդկական The Times հեռուստաալիքի կայքը, վթարի հետևանքով զոհվել է անձնակազմից 5 հոգի։ Նախնական տվյալներով՝ զոհվածների շարքում եղել են ՌՕՈւ հրամանատարներ։

Ենթադրվում է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել հյուսիսային Ութթար-Պրադեշ նահանգի Ագրա քաղաքից։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Պարզ չեն վթարի հանգամանքներն ու պատճառները, նախնական վարկածներ պաշտոնապես չեն առաջադրվել։

Նկատենք, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մեկն էր ԱՄՆ-ից գնած 6 միավոր C-130J Super Hercules-ներից։ Հնդկաստանը դրանք կիրառում էր հիմնականում որոնողափրկարարական աշխատանքներում, մասնավորապես մարտի 8-ին Մալայզիայի քաղաքացիական ինքնաթիռի որոնման ժամանակ։

Հիշեցնենք, որ C-130J Super Hercules-ների գնման առաջին պայմանագիրը Հնդկաստանը կնքել էր 2008-ին, դրա արժեքն անցնում էր 1 մլրդ ԱՄՆ դոլարից։ 2013-ին հնդկական կողմը որոշում էր կայացրել գնելու ևս մի քանի միավոր C-130J Super Hercules՝ իր ՌՕՈւ կազմում համալրելու համար։

Ամերիկյան Lockheed Martin ընկերության C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996-ին։ Այս ինքնաթիռների անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 128 ուղևոր կամ մինչև 20 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 671 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5250 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *