«Միջուկային անվտանգությունը Հայաստանի համար առաջնային խնդիր է». Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով.
«Միջուկային անվտանգությունը եղել և մնում է Հայաստանի համար առաջնային կարևորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանը. «Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը և նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաև բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները: Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաև ԱԷՄԳ կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը. «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա:

Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *