ԱՄՆ-ն Թբիլիսիում հնարավոր է խաղաղապահների համար վերականգնողական կենտրոն բացի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2016 թվականին ԱՄՆ-ն հնարավոր է բացի միջազգային վերականգնողական կենտրոն խաղաղապահ զինծառայողների համար։ Հիվանդանոցը կկառուցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» կայքը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրին։

Ըստ վրացական աղբյուրի՝ ԱՄՆ-ի հետ համապատասխան համաձայնագիր արդեն ստորագրվել է։ Բժշկական կենտրոնի սարքավորումները կբերվեն հենց ԱՄՆ-ից։

Հայտարարվում է, որ այսուհետ Թբիլիսիում պրոթեզավորվելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողները, ովքեր խաղաղապահ առաքելությունների ժամանակ վիրավորվել և անդամահատվել են։

Ենթադրվում է, որ կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է նրանից, որ վրացի զինծառայողները, ովքեր Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ընթացքում վիրավորվել են, այժմ ԱՄՆ Սան-Դիեգո քաղաքի վերականգնողական կենտրոնում պրոթեզավորում են անցնում։

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարի 23-ին Վրաստանի զինված ուժերի զինծառայողների հերթական 6 հոգանոց խումբը պրոթեզավորման համար մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Տեղեկացնենք, որ վրացի խաղաղապահները ծառայում են 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Նշենք, որ պրոթեզավորումից օգտվում են նաև 2008 թվականին օգոստոսյան պատերազմի մասնակիցները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *