Մարտի 27-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոյի գլխավորած պատվիրակությանը:
Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց ՆԱՏՕ ԽՎ-ի հետ ԱԺ-ի արդյունավետ համագործակցությունը ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական վերահսկողության իրականացման առումով, կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ ԶՈւ-ի մասնակցությունը եւ հույս հայտնեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակական կլինի:
ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարեւորեց ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը ներպետական բարեփոխումների ու տարածաշրջանային անվտանգության գործում: Նրա տեղեկացմամբ՝ իրենց այցը երկրի իրավիճակին ու հնարավորություններին անմիջաբար ծանոթանալու նպատակ ունի, ինչը կամփոփվի մայիսին ՆԱՏՕ ԽՎ-ում ներկայացվելիք զեկույցում: Այդ նպատակով երկրի ղեկավար կազմի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ բազմաթիվ հանդիպումներ են նախատեսվում: Նրա գնահատմամբ՝ իրենք ընկալումով են մոտենում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով եւ տարածաշրջանային զգայուն խնդիրներով, եւ փորձում աջակցել Հայաստանին:
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային անվտանգությանը, այդ հարցում ՆԱՏՕ-ի դերակատարությանը, տարածաշրջանային անվտանգության գործում ՀՀ-ի խաղաղարար ջանքերին եւ պաշտպանության ոլորտի խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր: Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորեցին Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության եւ Հայաստանի շրջափակման խնդիրներին եւ մտահոգություն հայտնեցին սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրում իրադարձությունների վերաբերյալ: