Համացանցում տարածվել է ՌԴ նոր «Ալտիուս-Մ» անօդաչուի նախատիպի լուսանկարը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014-ի մարտի 25-ին այցելել էր ՌԴ Կազանի շրջանի «ԿԱՊՕ-կոմպոզիտ» ավիաշինական գործարանը, որտեղ էլ լրագրողներին հաջողվել է լուսանկարել «Ալտիուս-Մ» հետախուզական անօդաչու թռչող սարքի նախատիպը։ Այն մինչ օրս չէր ներկայացվել հասարակությանը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ռազմական BMPD բլոգը, լուսանկարից ակնհայտ է՝ ԱԹՍ-ի նախատիպը կրում է կողային նոր ռադիոտեղորոշման սարքեր, ինչպես նաև օպտիկական և էլեկտրաօպտիկական հետախուզական սարքավորումներ։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ պարզ չեն։

Հիշեցնենք, որ Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոն Սանկտ-Պետերբուրգի «Տրանզաս» ընկերության հետ միասին 2011-ի հոկտեմբերին հաղթել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում՝ առաջ անցնելով «ՄիԳ» ինքնաթիռաշինական գործարանից։ Մրցույթը ենթադրում է մինչև 5 տոննա զանգվածով, առավելագույն բեռնվածության մեծ չափով, թռիչքի մեծ հեռավորությամբ ԱԹՍ-ի ստեղծում, սակայն վերոհիշյալ երկու ընկերությունների հետ կնքած շուրջ 1 մլրդ ռուբլի պայմանագրի համաձայն՝ նրանք պարտավորվում են մինչև 2014-2015-ը ստեղծել և օդ բարձրացնել ԱԹՍ-ի միայն նախատիպը։

Ստացվում է՝ պատվիրատուն նախատիպի որոշակի փորձարկումներից հետո միայն կարող է կողմնորոշվել՝ արդյոք պետք է նոր պայմանագիր կնքել անօդաչուի արտադրման համար։
Նկատենք, որ ԱԹՍ-ի նախատիպի մասին քիչ բան է հայտնի։ Այն առաջին անգամ ցուցադրել են ռուսաստանյան առաջին հանրային հեռուստաընկերությամբ մարտի 25-ին։ Նախնական տվյալների համաձայն՝ այն ունի 10 հազար կիլոմետրի հասնող թռիչքի հեռավորություն, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է։

One response to “Համացանցում տարածվել է ՌԴ նոր «Ալտիուս-Մ» անօդաչուի նախատիպի լուսանկարը

  1. Pingback: Ռուսաստանյան նոր անօդաչուի առաջին թռիչքը կայանալու է ժամկետից շուտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *