ՌԴ Սևծովյան նավատորմը կարող է համալրվել Ուկրաինայի ՌԾՈւ 30 ռազմանավերով

ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմն առաջիկայում հնարավոր է համալրվի նախկինում Ուկրաինայի ռազմածովային ուժերի մաս կազմող շուրջ 30 միավոր ռազմանավերով։

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, չի բացառվում՝ ՌԴ ՌԾՈւ կազմում ներառվելուց առաջ ուկրաինական ռազմանավերը տեխնիկական ստուգումներ անցնեն։ Աղբյուրը հավանական է համարել նաև, որ որոշ ռազմանավեր կարող են ոչնչացվել՝ կիրառման ենթակա չլինելու պատճառով։

Տեխնիկական ստուգումներն անցկացնելու են ՌԴ ՌԾՈւ և Սևծովյան նավատորմի նավաշինական և վերանորոգման մի քանի գործարանների մասնագետները։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Պարզ չէ, թե ինչ ժամկետներում են ի կատար ածվելու սույն գործողությունները։

Այնուհանդերձ, փորձագետներն իրատեսական են համարում ուկրաինական միակ Զապորոժիե սուզանավի ընդգրկումը ՌԴ ՌԾՈւ կազմում, որն անդրեևյան դրոշ էր բարձրացրել 2014-ի մարտի 22-ին։ Չի բացառվում, որ սուզանավը որոշակի արդիականացում անցնի։

Հիշեցնենք, որ դեռևս 1990-ականների կեսերին, ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի՝ ՌԴ-ի ու անկախ Ուկրաինայի միջև բաժանման ժամանակ Զապորոժիե սուզանավը, որը վերանորոգման կարիք ուներ, հանձնվել էր ուկրաինական կողմին։ Դրա վերանորոգումը տևել է շուրջ 10 տարի, քանի որ ուկրաինական ռազմական բյուջեից բավարար գումար չէր փոխանցվում։

Նկատենք, որ ուկրաինական 3 նավեր՝ այդ թվում Դոնբաս կառավարման նավը, Կրեմենեց փրկարարական քարշակ-նավն ու Բորշիվ հակահրդեհային կատերը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի դրոշի փոխարեն մարտի 20-ի առավոտյան բարձրացրել էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։

ՌԴ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովը հայտնել էր, որ մարտի 20-ի դրությամբ Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են ներառվել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետև՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *