Ուկրաինան չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերի խորհրդի նիստին

Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 7-8-ը կայանալու է ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդի նիստը։ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցելու այդ նիստին։

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը, ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ-ում 2014-ին իր նախագահությունից հրաժարվելու մասին։ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Եվգենի Պերեբեյնոսի խոսքերով՝ 1991-ին կնքված Բելովեժսկի համաձայնագիրը ենթադրում է՝ Ուկրաինան ԱՊՀ-ի կազմավորման նախաձեռնողներից էր, սակայն Ուկրանան չի ստորագրել համաձայնագրին կից արձանագրությունը, ուստի դե յուրե ԱՊՀ անդամ չէ։

Հավելենք, որ 2014-ի մարտի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է ԱՊՀ-ում Ուկրաինայի անդամակցման կասեցման որոշումը։ ԱՊՀ Գործադիր հանձնաժողովն առաջարկել է Բելառուսին 2014-ին կայանալիք ԱՊՀ համաժողովին ստանձնել նախագահող երկրի պարտավորությունները։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս լուրեր էին տարածել՝ իբր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մեկնելու է Բաքու՝ ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերի խորհրդի նիստին մասնակցելու։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այս տեղեկությունը՝ հավելելով, որ նիստին ՀՀ-ից մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։

1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009-ի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցումն ԱՊՀ-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *