ԱՄՆ-ն, Հունաստանն ու Իսրայելը զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում

ԱՄՆ-ի, Իսրայելի և Հունաստանի ռազմածովային ուժերը 2014-ի մարտի 25-ին համատեղ զորավարժություն են սկսել Միջերկրական ծովում։ «Երախտապարտ Դինա» անվանումը կրող զորավարժությունն անցկացվելու է Հունաստանի Կրետե կղզու շրջանում և տևելու է 2 շաբաթ։ Այս մասին հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը։

Ամենամյա զորավարժությանը, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, մասնակցելու են ինչպես տարբեր նշանակության վերջրյա ռազմանավեր, այնպես էլ սուզանավեր։ Համատեղ վարժանքների ընթացքում կողմերը հղկելու են փոխկապակցված գործողությունների իրականացումը։

Նշենք, որ Իսրայելի ռազմածովային ուժերը նախկինում «Վստահ ջրահարս» անվանմամբ ամենամյա զորավարժություն էր անցկացնում Միջերկրական ծովում Թուրքիայի հետ։ Սակայն դրա անցկացումը դադարեցվոց 2010-ից ի վեր՝ այն բանից հետո, երբ իսրայելաթուրքական հարաբերությունները կտրուկ լարվեցին։

Հիշեցնենք` պատճառը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում Թուրքիայի վարչապետ Էրդողանի պահվածքն էր, երբ վերջինս, սուր արտահայտություններ հնչեցնելով Իսրայելի հասցեին, հրապարակավ լքեց դահլիճը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *