102-րդ ռազմաբազայի հետախույզները Փամբակ ուսումնական կենտրոնում վարժանքներ են անում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզության ստորաբաժանման ավելի քան 300 զինծառայող հայաստանյան Փամբակ ուսումնական կենտրոնում լեռնային վարժանքների են մասնակցելու։ Վարժանքները տևելու են շուրջ 2 շաբաթ։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Լեռնային պատրաստության հատուկ կենտրոնում զինծառայողները 15 տարբեր վարժանքներ են անելու, որոնց մեջ ներառված են լեռնային խոչընդոտների հաղթահարում, լեռներում քարտեզի, կողմնացույցի և նավիգատորների միջոցով կողմնորոշում։

Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հետախուզական նոր տեխնիկայի ուսուցմանը, ինչպես նաև պայմանական հակառակորդի անձայն ոչնչացման հնարքներին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային պայմաններում։ Հետախույզները վարժանքների ընթացքում օգտագործելու են «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքը։
Հիշեցնենք, որ ԱԹՍ-ն փորձարկումներ անցնելուց հետո լայնորեն օգտագործվում է անցկացվող բոլոր վարժանքների ժամանակ։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղակայված բարձրլեռնային Ալագյազ և Կամխուդ զորավարժարաններում մարտական կրակով գումարտակի մարտավարական պարապունքներ էին անցկացվում, որի ընթացքում օգտագործվում էր անօդաչուն։

Նշենք, որ «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ները կիրառում են հետախուզության և այլ շրջանակներում։ Ունակ են կատարել մարտական առաջադրանքներ օրվա տարբեր ժամերին՝ ֆոտո, վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս հակառակորդին հայտնաբերել նաև պատսպարաններում։
ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ մինչև 3 հազար մ, զանգվածը՝ 7 կգ, գործարկման հեռավորությունը՝ մինչև 25 կմ, օդում կարող է մնալ 3 ժամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *