Մարտի 25-ի երեկոյան Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ումրանիյե շրջանում փոխհրաձգություն է եղել թուրք ոստիկանների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամների միջև։
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ բերման ենթարկելու ահաբեկչական կազմակերպության անդամներին, ովքեր այդ պահին եղել են Ստամբուլում։
Գործողության ընթացքում, երբ թուրք ոստիկանները փորձել են ձերբակալել խուզարկման ենթակա հերթական հասցեներից մեկում բնակվող կասկածյալներին, վերջիններս զինված դիմադրություն են ցույց տվել։ Փոխհրաձգության հետևանքով 3 իրավապահ է վիրավորվել։
Վիրավորվել են նաև կազմակերպության անդամներից 2-ը, որոնց հաջողվել է ձերբակալել։ Ձերբակալությունից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ապաքինվելուց հետո նրանք կկանգնեն դատարանի առաջ։
Այլ ձերբակալությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։
Հավելենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը ներկայում ակտիվ գործում է Սիրիայում՝ պայքարելով Բաշար Ասադի դեմ և վերահսկելով Սիրիայի հյուսիսային մի շարք հատվածները, որոնք սահմանակից են Թուրքիային։
Թեև Թուրքիան գործուն աջակցություն է ցուցաբերում Ասադի դեմ պայքարող զինյալների խմբերին, սակայն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպություն ու Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն։
Հաճախ թուրք-սիրիական սահմանին այն հատվածում, որը վերահսկվում է ԻԼԻՊ-ի կողմից, փոխհրաձգություններ են լինում զինյալների և թուրքական զինված ուժերի զինծառայողների միջև։