Պակիստանի տարածքում գործող զինյալները 2014-ի փետրվարի 6-ին առևանգել էին 5 իրանցի սահմանապահների։ Օրերս հայտնի է դարձել, որ նրանցից մեկին սպանել են։ Միջադեպը մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը, Բան Կի-Մունը մեղադրանքներ է հղել Պակիստանի զինյալներին իրանցի 5 սահմանապահներից մեկին սպանելու համար, ապա հույս հայտնել, որ Իրանի ու Պակիստանի կառավարություններին կհաջողվի համատեղ գործողությունների արդյունքում գերությունից ազատել մնացյալ 4 սահմանապահներին։
Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի կեսերին Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների նահանգապետի տեղակալ Ալի Ասհարա Միրշեքարին հայտարարել էր՝ Իրանն ու Պակիստանը որոշում են կայացրել հատուկ գործողություններ ձեռնարկել սահմանապահներին ազատելու նպատակով, գործողությունն իրականացվել է երկու երկրների սահմանապահ ծառայությունների՝ պակիստանյան Քվեթա քաղաքում կայացած համատեղ նիստին քննարկումների արդյունքների հիման վրա։
Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Ալի Աբդոլահին հայտարարել էր՝ փետրվարի 6-ին առևանգված իրանցի սահմանապահների գտնվելու վայրը հայտնի է, նրանք ողջ են, Պակիստանի տարածքում են։
Հիշեցնենք, որ Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտ իրանական կողմի բնորոշմամբ «անհայտ զինված անձինք» փետրվարի 6-ին կրակել էին իրանցի սահմանապահների ուղղությամբ, վիրավորել 5-ին, սպանել էին 14-ին, 5 սահմանապահ էլ գերի էր ընկել։
Պակիստանի՝ Իրանի հետ սահմանակից արևմտյան հատվածը հայտնի է նրանով, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների համար պատսպարան է ծառայում։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում թե´ Պակիստանի, թե´ հարևան երկրների տարածքում։
Նշենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Իրանի և Պակիստանի միջև պայմանագիր էր կնքվել սահմանին ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ համատեղ պայքարելու համար։
Այդուհանդերձ, Պակիստանը որոշ ժամանակ չէր արձագանքում իրանցի սահմանապահների ազատման միասնական քայլեր ձեռնարկելու Թեհրանի առաջարկին, ինչի հետևանքով էլ Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին փետրվարի 17-ին սպառնացել էր՝ Իրանի զորքերը շատ հավանական է ներխուժեն Պակիստանի և Աֆղանստանի տարածք՝ գերությունից ազատելու Պակիստանի տարածքում մինչ այդ անհայտ «Ջաիշ ալ Ադլը» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված իրանցի սահմանապահներին։
Նկատենք, որ Իրանի ու Պակիստանի սահմանային հատվածներում համանման միջադեպ էր արձանագրվել նաև 2013-ի հոկտեմբերին, երբ Սերավան քաղաքի մերձակայքում զինյալները հարձակվել էին իրանցի սահմանապահների վրա՝ սպանելով նրանցից 14-ին։