Անհայտ անձը սպանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստուն ականակիր նավի վրա

Անհայտ անձը կրակ է բացել ու սպանել ամերիկյան ռազմածովային ուժերի Mahan ականակիր նավի նավաստիներից մեկին։ Նավն այդ ժամանակ կայանած է եղել Նորֆոլքի նավահանգստում։

Ինչպես հաղորդում է ամերիկյան Foxnews լրատվական գործակալությունը, մարտի 25-ին՝ կեսօրվա ժամերին, մի տղամարդ, որի ինքնությունը դեռևս չեն պարզել, տախտակամածին հրազենային վնասվածք է հասցրել ԱՄՆ ՌԾՈւ նավաստուն։ Անվտանգության ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են բացել։ Փոխհրաձգության հետևանքով տղամարդը սպանվել է։ Նորֆոլքի նավահանգստի մամուլի ծառայությունը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց։ Պարզ չէ, թե ինչպես է քաղաքացիական անձն անարգել մուտք գործել ականակիրի տախտակամած։

Այնուհանդերձ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ սույն միջադեպից հետո նավահանգստին կից ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանում որոշ ժամանակահատվածում ուժեղացրել են վերահսկողությունը, խստացրել անվտանգության կանոնները։ Ներկա դրությամբ կայանը գործում է սովորական ռեժիմով, անձնակազմի համար որևէ սպառնալիք չկա։

Հիշեցնենք, որ համանման միջադեպ գրանցվել է 2013-ի սեպտեմբերին ԱՄՆ Վաշինգթոն նահանգի ռազմածովային կայանում։ Նախկին զինծառայողը կրակ էր բացել՝ սպանելով 12 հոգու։ Անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել էր կարճ ժամանակում չեզոքացնել նրան։ Այս դեպքից հետո ԱՄՆ ՌԾՈւ ստորաբաժանումները հակաահաբեկչական զորավարժություններ էին անցկացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *