Ռուս խաղաղապահները դուրս են բերվում Հվ. Սուդանից, թեև վերսկսել են բախումները

Ռուսաստանի ՊՆ ռազմաօդային ուժերի գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ մինչև հինգշաթի ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Հարավային Սուդանից: ՄԱԿ-ի խաղաղապահների շրջանակում Հարավային Սուդանում հայտնված ռուսական ավիացիոն խմբի դուրսբերումը սկսվել է փետրվարի 19-ից: Դուսրբերման շրջանակներում Սուդան կատարվել է Ил-76-ի 18 և Ан-124  «Ռուսլանի» մեկ թռիչք: Մինչ օրս դուրս է բերվել 122 զինծառայող, 4 հատ Ми-8МТВ ուղղաթիռ և ավելի քան 400 տոննա ռազմամթերք և այլ անհրաժեշտ իրեր:

Ռուսական ավիացիոն խումբը Հարավային Սուդանում է 2006թ.-ից և իրականացրել է օդային փոխադրումների 40 տոկոսը: Թռիչքային ընդհանուր ժամանակը կազմել է 12.000 ժամ, կատարվել է ավելի քան 15.000 թռիչ, տեղափոխել են շուրջ 100.000 ուղևոր և 1.5 հազար տոննա տարբեր բեռեր:

Խաղաղապահների դուրսբերման որոշումը ստորագրվել է այս տարվա հունվարին՝ Դմիտրի Մեդվեդևի կողից, քանի որ ավարտվել էր ՄԱԿ-ի առաքելության մանդատի ժամկետը և հարավային Սուդանն ինքնուրույն պետություն էր դարձել:

Մինչ ՄԱԿ-ի զորքերը դուրս են բերվում Սուդանից, այսօր Սուդանի և Հվ. Սուդանի սահմանին զինված բախում է եղել, որն էլ ստիպել է Սուդանի նախագահ Օմար Բաշիրին հետաձգել ապրիլի 3-ին նախատեսված իր այցը Հվ. Սուդան: Այս մասին հայտնում է AFP-ը: Երկու պետությունները փոխադարձաբար մեղադրում են միմյանց սահմանի խախտման և ռազմական գործողություններ ծավալելու համար:

Բաշիրի այցելության ժամանակ պետք է սահմանի հստակեցման և «չորս ազատությունների» պայմանագիր կնքվեր, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն կտար, ըստ ընտրության, ապրել Սուդանում կամ Հվ. Սուդանում, ունենալ սեփականություն, զբաղվել տնտեսական գործունեությամբ և ազատ տեղաշարժվել հյուսիսից հարավ և հակառակը:

Հիշեցնենք, որ Սուդանի հյուսիսի արաբների և հարավի ոչ արաբ բնակչության միջև 1983-2005թթ քաղաքացիական պատերազմ է վարվել, որն ուղեկցվել է բռնություններով ու ցեղասպան գործողություններով: Պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 2 մլն մարդ, 4 մլնը փախստական է դարձել: Իսկ քաղաքացիական պատերազմը սկսվել էր հյուսիսի կողմից՝ հարավը իսլամացնելու քաղաքականությունից հետո:

2011թ. հուլիսի 9-ին Հարավային Սուդանը հանրաքվեով պաշտոնապես անջատվեց Սուդանի Հանրապետությունից և դարձավ անկախ պետություն: Հարավային Սուդանի անկախությունն առաջինը ճանաչեց Սուդանի Հանրապետությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *