Ռուսաստանյան «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ու դրան պատկանող Կազանի ուղղաթիռաշինական գործարանը հրապարակել են 2013-ին իրենց գործունեությունից որոշ մանրամասներ, որտեղ ամփոփված են նաև Ադրբեջանի գնումների վերաբերյալ մի շարք տվյալներ:
«Վերտալյոտի Ռոսսիի» ուղղաթիռաշինական հոլդինգի 2013-ի հաշվետվության համաձայն՝ տարվա շահույթը կազմել է մոտ 31 մլրդ ռուբլի (մոտ 840 մլն ԱՄՆ դոլար), որից շուրջ 8.4 մլրդ ռուբլին (շուրջ 238 մլն ԱՄՆ դոլար) ապահովել է Ադրբեջանը՝ 2013-ի ընթացքում ձեռք բերելով 12 միավոր Մի-35Մ ռազմական ուղղաթիռներ (ընդհանուր առմամբ ստացել է 24 միավոր):
Ընդ որում, 2011-ին Ադրբեջանը ստացել է Մի-35Մ-ը՝ մեկ միավորի համար վճարելով 695 մլն ռուբլի (18 մլն 840 հազար դոլար), 2012-ին՝ 678 մլն ռուբլի (18 մլն 379 հազար դոլար), իսկ 2013-ին արդեն՝ 704 մլն ռուբլի (19 մլն 84 հազար դոլար): Նկատենք, որ Ադրբեջանն այս ուղղաթիռները ռուսաստանյան հոլդինգից ավելի էժան գնով է ստացել, քան Բրազիլիան (2012-ին մեկ միավորի համար՝ 788.7 մլն ռուբլի`մոտ 22 մլն դոլար) և Իրաքը (2013-ին մեկ միավորը՝ 742 մլն ռուբլի՝ մոտ 20 մլն ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել էր Ադրբեջանին Մի-35Մ ուղղաթռիռների տրամադրման գործընթացը 2014-ի հունվարին։ Մի-35Մ ուղղաթիռների գնման պայմանագիրը ստորագրվել է 2010-ի դեկտեմբերին, իսկ ուղղաթիռները սկսել են մատակարարել 2011-ի դեկտեմբերից։ Ադրբեջանը գնել է նաև Մի-35Մ ուղղաթիռի սիմուլյատորներ՝ օդաչուներին ուսանելու համար։
Մի-35Մ ուղղաթիռը Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։
Ուղղաթիռներն ունեն գիշերային հսկման համակարգ, RTV-445MGH մոդելի ջերմացույց համակարգ, որը թույլ է տալիս ավելի քան 4 կմ հեռավորության վրա թիրախների հայտնաբերել, բացի այդ, Մի-35Մ-երն օժտված են GPS115L GARMIN արբանյակային նավիգացիոն համակարգով։
Ադրբեջանի գնած ուղղաթիռների վերաբերյալ որոշակի տվյալներ են առկա նաև «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգին պատկանող Կազանի ուղղաթիռաշինական գործարանի՝ ավելի վաղ հրապարակած զեկույցում։
Այսպես, համաձայն Կազանի գործարանի տարեկան զեկույցի՝ այն իր արտադրանքի արտահանման արդյունքում 2013-ին ստացել է 35.6 մլրդ ռուբլի (մոտ 414 մլն ԱՄՆ դոլար) շահույթ, որից 24.4 մլրդ ռուբլին (մոտ 269 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկնում Հնդկաստանին, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 6.2 մլրդ ռուբլի (մոտ 67 մլն 200 հազար ԱՄՆ դոլար), իսկ երրորդում՝ Ադրբեջանը՝ 3.8 մլրդ ռուբլի (շուրջ 44 մլն ԱՄՆ դոլար):
Ընդ որում, տեղեկություններ չկան նշված 2013-ին այս երկրներ ռազմական ու ավիացիոն տեխնիկայի առաքման մասին: Հնարավոր է՝ շահույթը ստացվել է առանձին պահեստամասերի տրամադրման արդյունքում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Կազանի գործարանից ստացել էր իր Մի-17-1Վ ուղղաթիռների մի մասը։
Ընդ որում, Ադրբեջանին փոխանցվել է ընդհանուր առմամբ 42 միավոր Մի-17-1Վ։ 2005-ից 2010-ի ընթացքում Ադրբեջանին տրամադրվել է 3 միավոր Մի-17-1Վ ԱԻՆ-ի համար, ևս 3 միավորը՝ ՆԳՆ-ի համար։ Ադրբեջանի պետական պահպանության ծառայությունը ևս ստացել է այս ուղղաթիռներից առանձին պայմանագրով, ըստ որի առաջին միավորը պատվիրատուին հասցվել է 2010-ին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պատվիրել էր 20 միավոր այդպիսի ուղղաթիռներից։
Մի-17-1Վ ուղղաթիռը Մի-17 բազմանպատակային ուղղաթիռի արդիականացումն է։ Հիմնական փոփոխությունը նոր 2 գազատուրբինային շարժիչներն են. մեկը՝ 1900 ձիաուժ, մյուսը՝ 2200 ձիաուժ հզորությամբ։ Եթե առաջին շարժիչը շարքից դուրս է գալիս, գործարկվում է երկրորդը։ Ի տարբերություն Մի-17-ի՝ Մի-17-1Վ-ն ստացել է նաև ԱԻ-9Վ նոր ուժային համակարգ։ Բեռնատար խցիկում հնարավոր է տեղադրել մեկ կամ երկու հավելյալ վառելիքային բաքեր։ Դրանք թույլ են տալիս ավելացնել թռիչքի հեռավորությունը։ Ուղղաթիռը կրում է նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս թռիչքներ կատարել թե´ ցերեկային, թե´ գիշերային ժամերին։ Մի-17-1Վ-ն իր նախորդի համեմատ կրում է ՎՌ-17 շասսի՝ հակասառցակալման համակարգով։
Մի-17-1Վ-ն կարող է կիրառվել դեսանտային նպատակով՝ տեղափոխելով մոտ 30 զինծառայող, բժշկական-տարհանման նկատառումներով՝ 12 վիրավորի ու բժշկական սարքավորումներ փոխադրելու, ինչպես և մոտ 4000 կգ բեռ տեղափոխելու համար։
Ինչպես տեսնում ենք, ամփոփված տվյալներն իրականում չէին վկայում Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ուղղաթիռների գնման որևէ նոր գործարքի մասին, այլ պարզապես հստակեցնում էին ադրբեջանական կողմի վճարած գումարների չափն արդեն ձեռքբերված Մի-17-1Վ և Մի-35Մ ուղղաթիռների դիմաց։
Pingback: ՌԴ-ն ծրագրում է Ադրբեջանին Մի-17 ուղղաթիռների փոխանցումն ավարտել 2015-ի վերջին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտին»՝ սպառազինության սպասարկման կենտրոն հիմնելու | Ռազմ.info