Ադրբեջանը մտահոգված է «Ուկրօբորոնպրոմի» ղրիմյան գործարանների ճակատագրով

Ուկրաինայի ու ՌԴ-ի ներկայիս լարված հարաբերությունները, ինչպես և Ղրիմի ու Սևաստոպոլի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելն Ադրբեջանի համար մտահոգիչ են դարձել ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլև ռազմական և ռազմավարական տեսանկյունից։

«Ուկրօբորոնպրոմ»

«Ուկրօբորոնպրոմ»

Ադրբեջանական ռազմական Azeridefence.com-ը կայքը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունից հայտնել են՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պատվիրել է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնին՝ հիմնականում ռազմածովային ուժերում կիրառվող տեխնոլոգիաներ և ավիացիոն համակարգեր։ Ընդ որում, համաձայն՝ աղբյուրի՝ Ադրբեջանն արդեն կանխավճար է տվել դրանց համար։

Սակայն, խնդիրն այն է, որ պատվերները պետք է իրականացնեն «Ուկրօբորոնպրոմի»՝ Ղրիմի տարածքում տեղակայված գործարանները։ Աղբյուրը շեշտում է, որ իրավիճակի պարզաբանում ստանալու նպատակով Ադրբեջանի կառավարությունն արդեն հայց է ուղարկել «Ուկրօբորոնպրոմին»։
Նկատենք, որ սույն թեմայի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ այս պահի դրությամբ չկան։

Այնուհանդերձ, նշենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը 2014-ի մարտի 7-ին հեռացրել է Սերգեյ Գրոմովին «Ուկրօբորոնպրոմի» գլխավոր տնօրենի պաշտոնից (պաշտոնավարում էր 2012-ի հունիսից), մինչդեռ 2014-ի փետրվարի սկզբին ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի պատվիրակությունը՝ Սերգեյ Գրոմովի գլխավորությամբ, փետրվարի վերջին պետք է այցելեր Ադրբեջան։ Այցը, ամենայն հավանականությամբ, չի կայացել։

Գրոմովին մարտի 11-ին փոխարինել է ժամանակավոր պաշտոնակատար Վալենտին Դրոզդը։ Բացի այդ, նույն օրը Գրոմովը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով իր անհանգստությունը, որ Ղրիմի տարածքի ձեռնարկությունները, որոնք «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնին են պատկանում, առաջիկայում կարող են ազգայնացվել ու անցնել ՌԴ ուժերի վերահսկողության ներքո։

«Ուկրօբորոնէքսպորտի» կազմում պաշտոնապես ընդգրկված են Ղրիմում տեղակայված հետևյալ 13 ձեռնարկությունները

• Եվպատորյան ավիացիոն վերանորոգման գործարան
• Սևաստոպոլի ավիացիոն գործարան
• Թեոդոսիայի կոնստրուկտորային բյուրո «Չերնոմորեց»
• Ռադիոկապի կոնստրուկտորային բյուրո
• Կոնստրուկտորային-տեխնոլոգիական բյուրո «Սուդոկոմպոզիտ»
• Թեոդոսիայի օպտիկական գործարան
• Հատուկ արտադրական-տեխնիկական միավորում «Պլամյա»
• Աէրոազսպանակային համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ
• Գիտահետազոտական կենտրոն «Վերտալյոտ»
• «Սկլոպլաստիկ» կենտրոն
• Թեոդոսիայի նավաշինական ընկերություն «Մորե»
• «Ֆիոլենտ» գործարան

Հավելենք, որ «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնը ստեղծվել է Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով 2010-ի դեկտեմբերին։ Դրա ստեղծման նպատակը տեղական ռազմարդյունաբերական շուրջ 125 գործարանների միավորումն էր։

Կարևոր է նշել նաև, որ Ադրբեջանը 2012-ին ևս ուկրաինական զենքի գնորդ էր. Ուկրաինայից ձեռք էր բերել 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ քարշակներ։
Բացի այդ, 2014-ի հունվարին ուկրաինական լրատվակայքերի համաձայն՝ Ադրբեջանը հետաքրքրված էր «Ուկրօբորոնպրոմի» արտադրած նոր VPR.308 ու VPR.338LM դիպուկահար հրացաններով։

One response to “Ադրբեջանը մտահոգված է «Ուկրօբորոնպրոմի» ղրիմյան գործարանների ճակատագրով

  1. Pingback: Ադրբեջանն Ուկրաինայից զրահապատ քարշակներ է գնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *