Բրազիլիան կարող է չհասցնել գնել Պանցիր Ս-1 համալիրները մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Հակաօդային պաշտպանության Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրների մատակարարումը Բրազիլիային հետաձգվում է, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ 2014-ի հունիսին այդ երկրում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության ապահովման վրա: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ռիա-Նովոստի լրատվական գործակալությունը:

 

Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիր

Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիր

Չիլիում ընթացող FIDAE-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտնել է, որ Բրազիլիայի հետ Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ) մատակարարման շուրջ տարվող բանակցությունները թևակոխել են ակտիվ փուլ, սակայն ինքնին պայմանագիրը դեռևս չի ստորագրվել:

Նկատենք՝ Բրազիլիան ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը օդային սահմանների անձեռնմխելիությունը ի թիվս այլ զինատեսակների, ապահովելու են նաև Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ների միջոցով։

Այդուհանդերձ, անկախ համալիրի մատակարարման ժամկետից, հարց է ծագում, թե արդյոք Բրազիլիայի զինված ուժերի հակաօդայինները կկարողանան նման սեղմ ժամկետներում վարժ տիրապետել Պանցիր Ս-1-ին և կիրառելով դրանք՝ ապահովել օդային սահմանների անվտանգությունը։

Հավելենք, որ Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ի մատակարարման շուրջ համաձայնագիրը Ռուսաստանի և Բրազիլիայի միջև ձեռք է բերվել դեռևս 2013-ի փետրվարին։ Այն նախատեսում էր Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ների երեք մարտկոցի մատակարարում, որն իր մեջ ներառելու էր համալիրի 18 միավոր մեքենա։

Հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար։ Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *