ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացվել

ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 25-ին անցկացվեց Հայաստանի պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվեց Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը:

Փաստաթղթում գնահատվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները` դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ և Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ:

Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի` ռազմավարական պլանավորման նկատառումների և ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում:

Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն հայտնեց, որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաև ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015 թվականի վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020-ի հեռանկարային զարգացման երաշխավորմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *