Չինաստանում փորձարկել են WZ-10 հարվածային ուղղաթիռը՝ այն իջեցնելով չինական Baxianshan դեսանտային ռազմանավի վրա։ Փորձարկումների ընթացքը ցույց տվող լուսանկարները հայտնվել են համացանցում։
Այս փորձարկումների արդյունքում, ըստ Ջեյնս ռազմական հանդեսի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերը կարող է որոշել Yuting II (Type 072 III) դասի ռազմանավերի վրա ունենալ սեփական հարվածային ուղղաթիռներ։ Հենց այս դասի է Baxianshan դեսանտային ռազմանավը։ Նման որոշումը զգալիորեն կհզորացնի ռազմանավերի հարվածային կարողությունները կարճ տարածություններում։
Yuting II (Type 072 III) դասի ռազմանավերը դեսանտային են, կարող են տեղափոխել մինչև 10 տանկ կամ մինչև 250 ամբողջովին զինված դեսանտայիններ կամ մինչև 500 տոննա զանգվածով բեռ։ Ունեն նաև ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված տախտակամած։
WZ-10-ը (CAIC Z-10) հարվածային ուղղաթիռ է, նախատեսված է հիմնականում տանկերի ոչնչացման համար։ Ուղղաթիռի նախագծման համար օգտագործել են ուղղաթիռի ռադիոտեղորոշման ու ինֆրակարմիր ճառագայթումն իջեցնելու տեխնոլոգիաներ, որպեսզի այն առավելագույն աննկատ լինի։ Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է, զանգվածը՝ 5,5 տոննա, կարող է բարձրացնել հավելյալ 2,5 տոննա զանգվածով սարքավորումներ ու սպառազինություն։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, կիրառման հեռավորությունը՝ շուրջ 800 կմ։
Զինված է 23 մմ կամ 30 մմ ավտոմատ թնդանոթով, ունի հրթիռների ու ռումբերի 8 կախոց։ Ուղղաթիռը կրում է կառավարվող հակատանկային 16 HJ-10 «օդ-մակերևույթ» հրթիռներ, ինչպես նաև «օդ-օդ» հրթիռներ։ Ունի նաև 57 մմ կամ 90 մմ չկառավարվող հրթիռներ։
WZ-10 ուղղաթիռներ ներկայում առկա են միայն Չինաստանի զինուժում։