Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ծովակալ Իգոր Տենյուխը մարտի 25-ին հեռացվել է ժամանակավոր զբաղեցրած պաշտոնից՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի 228 պատգամավորների կողմ քվեարկելու արդյունքում։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Նովայա գազետա» թերթի կայքը, Գերագույն ռադան ընդունել է նաև մեկ այլ որոշում՝ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի նախաձեռնությամբ։ Համաձայն 251 պատգամավորների կողմ քվեարկության՝ պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար է նշանակվել Միխայիլ Կովալը՝ Ուկրաինայի սահմանապահ զորքերի գեներալ-գնդապետներից մեկը։
Նշենք, որ 2014-ի մարտի 5-ին, ըստ ուկրաինական աղբյուրների, գեներալին Յալթայի զորամասերից մեկին կից տարածքից առևանգել էին անհայտ անձինք։ Նույն օրը որոշ ժամանակ անց առևանգողների հետ բանակցություններից հետո նրան բաց էին թողել։
Հավելենք նաև, որ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է՝ Ուկրաինայի նախագահի՝ պաշտպանության գծով խորհրդական է նշանակվում Ալեքսանդր Կուզմուկը՝ պաշտպանության նախկին նախարարը, որը ներկա դրությամբ Գերագույն ռադայի պատգամավորներից է։
Նկատենք, որ այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր էր ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։