Գերմանիան կֆինանսավորի լիբիական զենքի ոչնչացումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ 750000 եվրո կհատկացնի Լիբիայում մնացած հրազենի և դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի (ԴԶՀՀ) ոչնչացման համար։ Առաջին հայացքից սա կարող է աննշան նորություն թվալ, սակայն իրականում ԴԶՀՀ-երը հետաքրքրում են ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին ավելի շատ, քան որևէ այլ սովորական սպառազինություն, և պատճառը այն պոտենցիալ վտանգն է, որը կարելի է սպասել ԴԶՀՀ-երից։

Եթե Լիբիայի նման անապատային կամ հարթավայրային երկրներում ԴԶՀՀ-երը համեմատաբար քիչ վտանգ են ներկայացնում, ապա բոլորովին այլ է իրավիճակը լեռնային երկրներում, որտեղ կիրառության մեջ շատ պարզ և միաժամանակ դժվար հայտնաբերվող ԴԶՀՀ-ը իդեալական զենք է ոչ սիմետրիկ, պարտիզանական պատերազմի համար ու կարող է զգալիորեն նվազեցնել մյուս կողմի տեխնոլոգիական առավելությունը։ ԴԶՀՀ-ը վտանգ կարող են ներկայացնել նաև քաղաքացիական օդանավերի համար, քանի որ նույնիսկ արդեն հնացած ԴԶՀՀ-երի համար քաղաքացիական օդանավերը «թեթև որս» են հանդիսանում։

Եթե այս ամենին հավելենք, որ նախկինում բազմաթիվ հաղորդագրություններ էին ստացվել Լիբիայից ԴԶՀՀ-ների և դրանց հրթիռների անհետանալու վերաբերյալ, ընդ որում խոսքն ըստ չճշտված տեղեկությունների գնում էր հազարավոր հրթիռների մասին, ապա արևմտյան երկրների անհանգստությունները լրիվ հասկանալի են դառնում։ Հավելենք նաև, որ նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մոտ 13 միլիոն դոլար է հատկացրել Լիբիայում անհետացած ԴԶՀՀ-ների որոնողական աշխատանքներին։

ԴԶՀՀ-ներից բացի Գերմանիան ֆինանսավորելու է նաև ականադաշտերի վերացումը (600000 եվրո) և մոտ 500000 չօգտագործված ֆուգասների ոչնչացումը (300000 եվրո)։

Աղբյուրները։
«ԱՌՄՍ-ՏԱՍՍ»
«Վեստի.ռու»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *