Ուկրաինայի միակ սուզանավը բարձրացրել է Ռուսաստանի ՌԾՈւ անդրեևյան դրոշը

Ուկրաինայի միակ 641 նախագծի Զապորոժիե սուզանավը մարտի 22-ին համալրել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի կազմը՝ բարձրացնելով անդրեևյան դրոշը։

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, նույն օրը սուզանավը լքել է Ստրելեցկայա ծովախորշը՝ կայանելով Հարավային ծովախորշում։

Ռուսաստանյան BMPD ռազմական բլոգն իր հերթին մանրամասնում է, որ սուզանավն անցել է ռուսաստանյան կողմին «անհայտ զինուժի»  հատուկ նշանակության ստորաբաժանումների ներխուժման միջոցով։ Սուզանավի անձնակազմի նավաստիների մի մասը, որոնք էլ օգնել են նշված ստորաբաժանումներին սուզանավը գրավել, ցանկություն են հայտնել շարունակել ծառայությունը ՌԴ ռազմածովային ուժերի կազմում, իսկ այն նավաստիները, ովքեր չեն ցանկացել առնչություն ունենալ ռուսաստանցիների հետ, առաջին կարգի կապիտան Դենիս Կլոչանի գլխավորությամբ լքել են սուզանավը։

Նկատենք, որ ուկրաինական 3 նավեր՝ այդ թվում Դոնբաս կառավարման նավը, Կրեմենեց փրկարարական քարշակ-նավն ու Բորշիվ հակահրդեհային կատերը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի դրոշի փոխարեն մարտի 20-ի առավոտյան բարձրացրել էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։

ՌԴ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովը հայտնել է, որ ներկայում Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են ներառվել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետև՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմում։

Հիշեցնենք՝ դեռևս 1990-ականների կեսերին, ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի՝ ՌԴ-ի ու անկախ Ուկրաինայի միջև բաժանման ժամանակ Զապորոժիե սուզանավը, որը վերանորոգման կարիք ուներ, հանձնվել էր ուկրաինական կողմին։ Դրա վերանորոգումը տևել է շուրջ 10 տարի, քանի որ ուկրաինական ռազմական բյուջեից բավարար գումար չէր փոխանցվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *