Ուկրաինայում Սու-24Մ ռմբակոծիչ է վթարվել

Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում վայրէջք կատարելիս վթարվել է Սու-24Մ ճակատային ռմբակոծիչը։ Միջադեպն արձանագրվել է մարտի 21-ին պլանային թռիչքի ժամանակ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում տալով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է ժամանակին դուրս գալ կատապուլտի օգնությամբ։ Զոհեր և տուժածներ չկան, ինքնաթիռը ևս լուրջ չի վնասվել: Պատահարի պատճառները հետաքննում է հատուկ ստեղծված հանձնաժողովը։
Նախնական վարկածներ չեն առաջադրվել։
Հավելենք, որ Սու-24 ռմբակոծիչը նախատեսված է հրթիռային հարվածներ հասցնելու ու ռմբակոծության համար վերգետնյա ու վերջրյա թիրախներին, այդ թվում՝ ցածր բարձրության վրա թռիչքներ կատարելիս։ Առաջին թռիչքը կատարել է 1970-ի հունվարին, սկսել է շահագործվել 1975-ից, հիմնականում շահագործվում է ՌԴ-ում, Իրանում, Սիրիայում, Ղազախստանում, ինչպես նաև Ադրբեջանում։
Ինքնաթիռի անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 24.59 մ, թևի բացվածքը՝ 17.6 մ, բարձրությունը՝ 6.19 մ, թռիչքային առավելագույն զանգվածը՝ 33 500 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 11 500 մ, առավելագույն արագությունը՝ 1700 կմ/ժ։
2013-ի դրությամբ Ուկրաինայի օդուժն ունի 24 միավոր Սու-24Մ ու 12 միավոր Սու-24ՄՌ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *