Սիրիայի նախագահի հորեղբոր որդին զոհվել է Թուրքիայի հետ սահմանին մարտում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր որդին՝ Հիլալ Ասադը, մարտի 23-ին զոհվել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում՝ հայաբնակ Քեսաբ քաղաքի մոտակայքում, զինյալների հետ բախումներում։ Վերջինս կառավարական ուժերի հրամանատարներից մեկն էր։

Թուրք-սիրիական սահման

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Հիլալ Ասադի մահվան փաստը հաստատել են թե´ Syrian Observatory for Human Rights  իրավապաշտպան կազմակերպությունը, թե´ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը։

Նկատենք, որ Հիլալ Ասադը գլխավորում էր այսպես կոչված Ազգային պաշտպանական ուժերը. դրանք ռազմականացված պետական կառույց էին, որը ստեղծվել էր Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների պայքարի սրման ժամանակահատվածում։

Հետևելով Syrian Observatory for Human Rights–ի տվյալներին՝ Հիլալ Ասադը զոհվել է ծայրահեղ իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալների դեմ մարտերում։ Այս խմբավորումը սերտ կապեր ունի «ալ Կաիդայի» հետ։

Հաղորդվում է նաև, որ Ասադի եղբոր հետ նույն օրը զոհվել են կառավարական ուժերի ևս 7 մարտիկներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական զորքերը մարտեր են մղում զինյալների դեմ մի քանի օր շարունակ՝ գրավելու համար Թուրքիայի հետ սահմանակից Լաթաքիա քաղաքի սահմանային անցակետը։

Մարտի 23-ին թուրքական կողմը լուրեր էր տարածել, որ իր  F-16 կործանիչները ոչնչացրել են Թուրքիայի օդային տարածք ներխուժած ու զինյալներին հետապնդող սիրիական օդուժի ինքնաթիռներից մեկը։ Լուրը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Սիրիան միջադեպը պաշտոնապես համարում է «չարդարացված ռազմական ագրեսիա»՝ հավաստիացնելով, որ սիրիական ինքնաթիռն իրականում չի մտել թուրքական օդային տարածք։

Հիշեցնենք, որ Սիրիայի ներքին հակամարտությունը 2011-ին ցույցերից վերաճել է կառավարական ուժերի և Բաշար Ասադին գահընկեց անել ձգտող չափավոր ու ծայրահեղ իսլամիստական խմբավորումների միջև արյունալի մարտերի, որոնց հետևանքով էլ ավելի քան 140 հազար մարդ մահացել է, 2 մլն մարդ դարձել է փախստական։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ զինյալների խմբավորումների միջև ևս սուր հակասություններ են առկա, նրանք սկսել են մարտեր մղել միմյանց միջև, իսկ Ասադի համախոհների ուժերը վերջին երկու ամսվա ընթացքում շոշափելի հաջողություններ են գրանցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *