Թուրքիայի ռազմաօդային ուժերը վայր է գցել սիրիական ՄիԳ-23 կործանիչը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները 2014-ի մարտի 23-ին խոցել են այդ երկրի օդային սահմանը խախտած սիրիական ՄիԳ-23 կործանիչը։ Դեպքը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ ընդհուպ մոտեցել է թուրքական օդային սահմանին։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

F-16. Թուրքիայի ԶՈւ

Հաղորդագրությունում նշվում է, որ զինված ուժերի՝ Դիարբեքիր քաղաքում տեղակայված կառավարման կենտրոնն արձանագրել է, թե ինչպես է սիրիական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) երկու ինքնաթիռ մոտենում Թուրքիայի սահմանին՝ Հաթայ նահանգի շրջանում։ Տագնապով օդ է բարձրացվել երկու F-16 կործանիչ, իսկ սահմանախախտ ինքնաթիռների օդաչուներին՝ թուրքական կողմի պնդմամբ, 4 անգամ զգուշացվել է՝ փոխել թռիչքի ուղղությունն ու վերադառնալ։

ՄիԳ-23-ներից մեկը հետևել է հորդորին, իսկ երկրորդը՝ հատել Թուրքիայի օդային սահմանն ու խորացել 1.5 կմ-ով։ F-16 կործանիչներին տրվել է թիրախը խոցելու հրաման, ինչի արդյունքում արձակված հրթիռը վայր է գցել սիրիական ինքնաթիռը։

Նշենք, որ այս պահի դրությամբ պաշտոնական Դամասկոսը դեռևս որևէ կերպ չի արձագանքել միջադեպին։

Հիշեցնենք նաև, որ նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև 2013-ի սեպտեմբերի 17-ին, երբ թուրքական ՌՕՈւ-ի կործանիչները վայր էին գցել այդ երկրի օդային սահմանը հատած Մի-17 ուղղաթիռը, որը պատկանում էր Սիրիայի ռազմաօդային ուժերին։ Ավելի ուշ սիրիական կողմը հայտարարեց՝ ուղղաթիռը Թուրքիայի օդային սահմանում էր հայտնվել պատահմամբ։